Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստած է յուր սենյակում։ Երեկ պարոնը հարցրեց. «Ֆլորա, այս ամառ ո՞րտեղ ես ուզում, որ քեզ համար ամառանոց վարձեմ»։ Օրիորդը պատասխանեց. «Ոչ մի տեղ»։ Ուրեմն, այս տարի մենք ամառանոց չենք գնալու։

ԴԱՆԻԵԼ. (Զայրացած) Ըմբո, հո՞ւնց թա քինիլա՛կան չընք։ Գործադուլ կանիմ։
ՍՈՖԻԱ. (Ծիծաղելով): Մեն-մենա՞կ։
ԴԱՆԻԵԼ. Պա հո՞նց։ Պա ես էլ խարաբա շհարի շոգում պըտի հալվի՞մ հունց որ մեղրամո՞մ։ Ամա հավատալ մի, աղան ուժա[1] Կիսլոսկում դաչ[2] ա փռնալ։ Եշիլ մի, քո բարիշնան փարսիտ[3] ա անըմ։ (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):

ՏԵՍԻԼ 2

ԱԼԵՔՍԱՆԴՐ և ՍՈՖԻԱ

ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Ալեխառն ընչացքով, հստակ սափրած երեսով, բարի և խելացի դեմքով մարդ է: Հագած է սև գույնի մակետ, պանթալոն և ժիլետ: Ձևերը ծանրաբարո և հանգիստ են: Դուրս է գալիս ծանր քայլերով աջ կողմի առաջին դռներից): Ֆլորան տա՞նն է։

ՍՈՖԻԱ. Այո։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Խնդրեցեք նրան այստեղ գալ։
ՍՈՖԻԱ. Իսկույն։ (Գնամ է խորքի ձախ դռներով):
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Ծանր քայլերով մոտենում է լուսամուտին, նայում է դուրս, ապա ետ է գալիս և նայում է գահավորակի վերևում կախված պատկերին և ծանր հառաչում):

ՏԵՍԻԼ 3

ԱԼԵՔՍԱՆԴՐ և ՖԼՈՐԱ

ՖԼՈՐԱ. (Դուրս է գալիս խորքի ձախ դռներից: Հագած է տնային պարզ հագուստ: Նկատելի տխուր է): Հայրիկ։ (Համբուրվում է): Այսօր քեզ առաջին անգամն եմ տեսնում։ Դու զբաղված էիր քո սենյակում մի պարոնի հետ։

  1. Ուժա — արդեն։
  2. Դաչ — ամառանոց։
  3. Փարսիտ ա անըմ—կոտրատվում է։