Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՖԼՈՐԱ. Ո՛չ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ. Նա համակրու՞մ է քեզ։
ՖԼՈՐԱ. Չգիտեմ։ Նա ինձ հետ վարվում է առաջվա պես, ինչպես յուր քրոջ հետ, պարզ, հասարակ, բայց վերին աստիճանի համեստ։ Հայրիկ, նա շատ մտախոհ է։ Ինձ թվում է որ նրա հոգու վրա ծանրանում է մի մեծ հոգս։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Նա ինձ ասում Էր, թե այստեղ չի մնալու։
ՖԼՈՐԱ. Այո, նա շուտով գնալու է, գուցե վաղը կամ մյուս օրը։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Ու՞ր։
ՖԼՈՐԱ. Չգիտեմ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ էհ, տերը նրա հետ, որ գնում է։ Ֆլորա, մի՛ շտապիր, լավ մտածիր ապագայիդ մասին, ես քեզ տալիս եմ կատարյալ ազատություն։ Բայց ընտրությունդ շատ էլ մի հետաձգիր։ Այս գիշեր դարձյալ երազումս մորդ տեսա։ Այս երրորդ անգամն է, որ նա կանչում է ինձ յուր մոտ։ (Վեր է կենտում):
ՖԼՈՐԱ. (Վեր է կենում տխրելով): Հայրիկ, այդպես մի՛ խոսիր։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Մոտենում է յուր կնոջ պատկերին): Ահա նա յուր հեզ կերպարանքով։ Ի՜նչպես նա բարի էր, Ֆլորա։ Նրան ամենքը հարգում էին ու սիրում։ Նա էլ յուր հոր միակ զավակն էր քեզ պես։ Նրա հայրը մի ազնիվ զինվորական էր։ Լավ կին էր հանգուցյալը։
ՖԼՈՐԱ. (Նույնպես զգացվել է): Ութ տարի է մեռել է, այսօր էլ աչքերիս առջև է նրա դագաղը ծաղիկներով ծածկված։ (Թաշկինակը մոտեցնում է աչքերին):
ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Հուզումը գսպելով): Դու լա՞ց եղար... Այդ չեղավ։ Մի՛ նայիր ինձ, ես ծեր եմ։ Լացը քեզ չի սազում, ուրախ կաց։ Այդպես։ Ուշադրություն մի դարձրու ինձ, վերջերս ներվերս մի քիչ թուլացել են։ Դե, եթե սիրում ես ինձ, նստիր, և մի ուրախ բան նվագիր։ Իսկ ես պիտի գնամ նոտարի մոտ կտակիս սրբագրությունը կարդալու։ Հետո պետք է Սենեքերիմին տեսնեմ։ Լսեցի՞ր, նստիր ու մի ուրախ բան նվագիր։ Ցտեսություն։ (Համբուրում է Ֆլորային ու գնում աջ կողմի երկրորդ դռներով): Նվագիր,