Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սառնարյուն խորհրդակցենք։ Գնանք, ի դեպ, քեզ համար կկարդամ իմ կտակը։ (Ծոցի գրպանից դուրս է բերում մի քառածալ թուղթ): Տեսնո՞ւմ ես այս թուղթը։ Բոլորն այստեղ է։ Այդ քո գործունեության պտուղներից մեկն է։ Թող քո որդին իմանա, թե ում գաղափարներն են մեզ հարկավոր, նրանը, թե՞ քոնը։ (Գնում է աջ կողմի առաջին դռներով):

ՍԵՆԵՔԵՐԻՄ․ (Հետևում է Ալեքսանդրին):

ՏԵՍԻԼ 10

ՖԼՈՐԱ և ԱՆԱՀԻՏ

ՖԼՈՐԱ․ (Գալիս է խորքի ձախ դռներից):

ԱՆԱՀԻՏ․ (Գալիս է միաժամանակ աջ կողմի երկրորդ դռներից):
ՖԼՈՐԱ․ (Առաջ վազելով): Ա՜հ, համբերությունս հատավ լուսամուտից նայելով։ Վերջապե՜ս։ (Համբուրում է): Ի՞նչ է պատահել։
ԱՆԱՀԻՏ․ (Հագնված է պարզ, գլխին հարդյա էժանագին գլխարկ, ձեռքին տետրակների կապոց)։ Հազիվ ազատվեցի դասերից։ Օ՜հ։ (Հոգնած նստում է կիսաբազկաթոռներից մեկի վրա, տետրակները դնելով սեղանի վրա):
ՖԼՈՐԱ․ Ի՞նչ է պապահել, շուտ ասա։
ԱՆԱՀԻՏ․ Այսօր Արտաշեսը դարձյալ ընդհարվեց հայրիկի հետ։
ՖԼՈՐԱ․ Այդ ես գիտեմ։
ԱՆԱՀԻՏ․ Բայց հետևանքը չգիտես։ Կռվից հետո հայրիկն իսկույն գնաց չգիտեմ ուր, իսկ Արտաշեսն եկավ այստեղ։ Այն ժամանակ սկսվեց մի ուրիշ տեսարան։ Մայրս հանկարծ ունեցավ սարսափելի հիստերիկ․ մի բան, որ երբեք չի պատահել նրան։ Վերջը նա ուշաթափվեց փրփուրը բերանին։ Մի ամբողջ ժամ չարչարվելով, ես ու Նազանին հազար ու մի միջոցով հազիվ կարողացանք նրան ուշքի բերել։
ՖԼՈՐԱ․ Խե՜ղճ Անահիտ։
ԱՆԱՀԻՏ․ Այժմ նա ուժասպառ պառկած Է անկողնում։ Նա շարունակ