ԱՐՏԱՇԵՍ. (Զայրացած): Անահիտ, դա զրպարտություն է։
Նոյեմզարն այն անձանցից է, որոնք ազգային ատելության զգացումը համարում են զազրալի ախտ։
ԱՆԱՀԻՏ. (Խուսափողական ձևով): Չգիտեմ, գուցե... Ես իսկապես ոչ մի փաստ չունիմ նրա դեմ, բայց և այնպես։ Ասում են Նոյեմզար անունը տվել է նրան մի հայ, ճի՞շտ է։
ԱՐՏԱՇեՍ. Իմ ընկերների մեծ մասը թափառում է երկրից երկիր կեղծանունով։ Այդ անունը ես եմ ընտրել նրա համար։ Տեսե՞լ ես այսօր Ֆլորային։
ԱՆԱՀԻՏ. Նրա մոտիցն եմ գալիս։
ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչպես է։
ԱՆԱՀԻՏ. Թույլ, հուսահատված, ոչ ոքի հետ չի ուզում խոսել, բացի ինձանից։ Նա ինձ մի հանձնարարություն է արել։
ԱՐՏԱՇԵՍ. Ա՞յն է։
ԱՆԱՀԻՏ․ Նա ավել է ինձ մի փոքրիկ արկղ քեզ հանձնելու։ Ես չեմ բաց արել արկղիկը, բայց բովանդակությունն ինձ հայտնի է։ Դա Ֆլորայի ակնեղենների պահարանն է։
ԱՐՏԱՇԵՍ. Ո՞ւր է այն։
ԱՆԱՀԻՏ․ Իմ սենյակում։
ԱՐՏԱՇԵՍ․ Վերադարձրու իրեն։ Լսո՞ւմ ես, անպատճառ վերադարձրու։
ԱՆԱՀԻՏ. Այդ իմ գործը չէ։ Ես կտամ քեզ, դու ինչ ուզում ես արա։
ԱՐՏԱՇԵՍ. Շատ բարի, թող մնա։ Ես իսկույն կերթամ և կխոսեմ նրա հետ։ Նախ պետք է բացատրել երեկվա դեպքը։ Այդ ինձ համար մի հանելուկ է։
ԱՆԱՀԻՏ. Ահ, այդ տեսարա՜նը, երբեք չեմ մոռանալ։ Երբ նա, ճիչ արձակելով, ընկավ թևերիս վրա, կարծեցի հանկարծամահ եղավ։ Հետո, նրա հոր հուսահատական աղաղակը, հայրիկի ձյունի պես սպիտակիլն երկյուղից, ծառաների իրարանցումը, Ֆլորայի քարացած կերպարանքը․․․ Այս բոլորը պիտի տեսնեիր, Արտաշես, որ զգայիր, թե ինչ ես արել...
ԱՐՏԱՇԵՍ․ Դարձյալ նույնը։ Քույր, կարելի է կարծել, որ