Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արտաշեսն հաջող տանի յուր գործը և ազատվի։ Մի՛ մտածեք, բոլորը կանցնի։

ԱՆԱՀԻՏ. Այս ամենի մեջ մի բան գոնե մխիթարական է, որ Արտաշեսը Նոյեմզարի հետ ամուսնացած չէ։ Դա միակ բանն է, որ սփոփում է մորս։
ՏԻԳՐԱՆ. Ես չէի ասում ձեզ, որ այդ մի անմիտ բամբասանք է։
ԱՆԱՀԻՏ. Ո՜հ, ամոթ բամբասողներին։ Ես էլ թեթևամտաբար շտապեցի ասել Ֆլորային և այն փոթորիկն առաջացնել։ Բայց ի՞նչ գիտեի, որ նա այդպես սիրում է Արտաշեսին։
ՏԻԳՐԱՆ. Ուրեմն, այդ ճի՞շտ է, որ օրիորդ Ալվանդյանը սիրում է նրան։
ԱՆԱՀԻՏ. Երեկ երեկոյան դեպքից հետո ես նրա մոտն էի։Պետք է տեսնեիք ինչպես փոխվեց խեղճ աղջիկը, երբ ասացի, թե լուրը սուտ է, թե Արտաշեսը ոչինչ կապ չունի այդ Նոյեմզարի հետ, բացի ընկերականից։ Նա փաթաթվեց իմ պարանոցին և ուրախությունից արտասվեց։
ՏԻԳՐԱՆ. Ո՞ւր է այժմ Արտաշեսը։
ԱՆԱՀԻՏ. Կարծեմ յուր սենյակում։
ՏԻԳՐԱՆ. Մենա՞կ։
ԱՆԱՀԻՏ. Ո՜վ գիտե։ Շարունակ գալիս են, խորհրդակցում ու գնում: Ամբողջ գիշեր նրա սենյակից ձայներ էին լսվում։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Բեմի ետևից): Անահի՜տ, Անահի՜տ... ա՜ խ.․․
ԱՆԱՀԻՏ. Լսո՞ւմ եք այդ բարձր հառաչանքը։ Առաջ այդ չկար։(Բարձր): Գալիս եմ, հայրիկ։ (Ցածր): Պարոն Տիգրան, ես վախենում եմ ծերունու ուղեղի մասին...
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Բեմի ետևից): Անահի՜տ, Անահի՜տ... ա՜խ․․․
ԱՆԱՀԻՏ. Իսկույն, իսկո՜ւյն։ (Շտապով գնում է աջ կողմի առաջին դռներով