Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգասիրությանը։— Իմ ամենամտերիմ ընկերը, որին պարտական եմ իմ կյանքը երկու անգամ։ Ինչ փույթ, որ նա հայ չէ, ի՞նչ փույթ, որ նա միևնույն արգանդից չի ծնվել, որից ծնվել եմ ես։ Ոչ մի եղբայր չէր անիլ ինձ համար այն, ինչ որ Իպոլիտն է արել։ Եվ իմ հայրը պահանջում է, որ ես լինիմ ուխտադրուժ, երդմնազանց, փոքրոգի և երկչոտ միմիայն նրա համար, որ Իպոլիտը հայ չէ․․․ Օ՜հ, գռեհիկ զգացում ցեղամոլության, ե՞րբ պիտի դու վերջնապես ոչնչանաս մարդկանց սրտերում։ Ո՛չ, ո՛չ, թող կորչին տատանումները: Ես երդվել եմ ազատել և պետք է ազատեմ Իպոլիտին շղթաներից։

ՏԻԳՐԱՆ. Նույնիսկ զոհելով ծնողների՞դ։
ԱՐՏԱՇԵՍ. Նույնիսկ զոհելով ծնողներիս։
ՏԻԳՐԱՆ. Նույնիսկ Ֆլորայի՞ն։
ԱՐՏԱՇԵՍ. Կա՛ց։ Դու գիտե՞ս այդ։
ՏԻԳՐԱՆ. Ես վաղուց էի կասկածում։ Անահիտն այսօր հաստատեց իմ ենթադրությունը։ Ինչո՞ւ դու ինձ ոչինչ չէիր ասում այդ մասին։
ԱՐՏԱՇԵՍ. Մինչև երեկ ես ինքս էլ չգիտեի այդ։ Երեկվա տեսարանը բացեց աչքերս և ես նոր միայն իմացա, թե որքան հեռու եմ գնացել։ Հրաժեշտի վայրկյանին, նայելով Ֆլորայի քարացած կերպարանքին, ես զգացի մի այնպիսի վիշտ, որ ծնողներիս անգամ մոռացա։ Եղավ մի վայրկյան, երբ պատրաստ էի չոքել այդ աղջկա առջև և ասել․ «Թող կորչի պարտականությունը, դու տանջվում ես, ապրել ես ուզում, ես էլ եմ ուզում, ծնողներս էլ են ուզում։ Ես մնում եմ այստեղ քեզ և ծնողներիս համար»։ Բայց դռների միջից նայում էին ինձ ընկերներս հանդիմանական հայացքով, ականջներիս հնչում էին Իպոլիտի աղերսական խոսքերը․ «Ազատեցեք ինձ, ես հարկավոր եմ մի մեծ գործի համար, ազատիր դու, Արտաշես, որովհետև ես քեզ երկու անգամ ազատել եմ, և հենց քո պատճառով եմ այս շղթաները կրում»։ Եվ, բարեբախտաբար, ես չարի այդ հիմարությունը։
ՏԻԳՐԱՆ. Եվ, այնուամենայնիվ, վճռեցիր զոհել մի քանի