Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վայրկյան միայն, ինչո՞ւ ոչ ավելի։ Ձեր խոսքերի տակ ես զգում եմ մի ինչ-որ սարսափելի բան...

ԱՐՏԱՇԵՍ. (Հանգիստ): Բոլորը կբացատրվի ինքնըստինքյան: Մի քիչ համբերություն։ Այսօր ձեր հայրն ինձ անվանեց ավազակ։ Մի վայրկյան արյունը գլխովս տվեց և չգիտեի ինչ կանեի, եթե ժամանակին չզսպեի ինձ։ Դա մի անարդար վիրավորանք էր։ Բայց ես նրան չեմ մեղադրում։ Մի հայր, որ զրկվում է իր միակ զավակից, ունի իրավունք իր սովորական սառնասրտությունը մոռանալու։ Ֆլորա, մնացեք ձեր հոր տանը, մի՛ անբախտացրեք նրան — ահա իմ միակ խնդիրը:
ՖԼՈՐԱ. Չեմ կարող։ Քանի որ ստիպել եք ինձ անկեղծ լինել— կլինեմ մինչև վերջը, առանց ձեզ ես մի օր անգամ չեմ կարող մնալ այստեղ։
ԱՐՏԱՇԵՍ. Բայց գիտեք ես ուր եմ գնում... (Նայում է Ֆլորային տարօրինակ):
ՖԼՈՐԱ. Այդ ինձ համար միևնույն է։ Ես կհետևեմ ձեզ, ուր որ գնաք։ Ինչո՞ւ եք ինձ այդպես նայում։ Սպասեցեք, այդ չէ, այստեղ կա մի վատ բան։ (Մոտենում է և բռնում Արտաշեսի ձեռը): Ասա՛, ի՞նչ ես մտածում դու այս վայրկյանին, ինչո՞ւ քո աչքերն այդպես տարօրինակ են նայում...
ԱՐՏԱՇԵՍ. (Ականջ է դրել դեպի դուրս, գունատվում է, դողում): Գնա՛ տուն, գնա հորդ մոտ... (Ձեռն ազատում է):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Բեմի ետևից): Ա՜հ, ա՜հ, գալիս են, եկան, ուղղակի մեր տան վրա... Ազատվեցե'ք...
ԱՐՏԱՇԵՍ. Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, գնա, փախիր...


ՏԵՍԻԼ 9

ՆՈԻՅՆՔ, ՍԵՆԵՔԵՐԻՄ, ԱՆԱՀԻՏ, ԿԱՏԱՐԻՆԵ, ՏԻԳՐԱՆ և մի ոստիկանական պաշտոնյա



ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ներս է վազում աջ կողմի աոաջին դռներից գոռալով): Ազատվեցե՜ք, գալիս են։ Ես տեսա այնտեղից, լուսամուտից։ Կատարինե՜, Կատարինե, о՜հ,։ (Անիմաստ վազվզում է դեսուդեն):