Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՄՎԵԼ. Տեղդ կանգնիր։

ՀԱՅՐԱՊԵՏ. (Գլուխը թափահարելով, կանգնում է երկաթե սնդուկի մոտ):
ՍԱՄՎԵԼ. Խալֆայան, դու քարտուղար ես։ Գրիչ ու թուղթ վերցրու, նստիր մյուս սեղանի քով։ Այդպես։ (Լազարին): Հըհ, հոտած Ղազա՞ր, քե՞զ ինչ պաշտոն կսազի։ Հա, չէ՞ որ դու իրավաբան ես։ Դու դատախազ եղիր: Գոնե մի անգամ կյանքումդ քո մասնագիտությունը գործ դիր։ Երես-մերեսին մտիկ արեք, քացա՛խ... թյո՛ւ։ Նստի՛ր։
ԼԱԶԱՐ. Ազատիր մեզ այդ կոմեդիայից։
ՍԱՄՎԵԼ. Նստի՛ր։
ԼԱԶԱՐ. (Ակամա նստում է):
ՍԵՐԺ. Խի՛ խի՛ խի՛, ասոծ կա։
ՍԱՄՎԵԼ. (Սերժին): Հա, պիմպեռլե՞, քեզ էլ պիտի դեր տալ։ Լավ, դու էլ սուդեբնիյ պրիստավ դարձիր։ Բեղերին մտիկ արեք, բեղերին... Ե՜ղկ։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Մեկուսի): Ձեր արևը, շատ մազալու բան է դուրս գալիս։
ՍԱՄՎԵԼ. (Հանդիսավոր): Մեղադրյալներ, առաջ եկեք։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Երեք անձանց): Առաջ եկեք, սուդիան է հրամայում։
ԵՐԵՔ ԱՆՁԻՆՔ․ (Առաջ են գալիս):
ՍԱՄՎԵԼ. (Առաջին անձին)։ Դու ինչո՞ւ համար ես ավազակություն սկսել։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Քաղցած եմ, աղա Սամվել։
ՍԱՄՎԵԼ. Քանի՞ ժամանակ է, որ քաղցած ես։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Երեք ամիս է։
ՍԱՄՎԵԼ. Ընտանիք ունե՞ս։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Մայր, կնիկ և երեք երեխա։
ՍԱՄՎԵԼ․ Քարտուղար, արձանագրիր, (Դառնալով Երկրորդ անձին): Էյ, դռնապան, դո՞ւ ինչ կասես։
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Աղա, երեք շաբաթ է ծովի ափում փտած խնձոր եմ հավաքում ու նրանով կերակրվում։
ՍԱՄՎԵԼ. Պսակվա՞ծ ես։
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Ո՛չ, աղա։