Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղել է «Նոր քայլ», բայց հեղինակը մի քանի հանգամանքների պատճառով փոխել և դրել է հերոսուհու անունը» («Տարազ», № 38, 1901 թ.)։

Դրաման բեմադրվեց 1901 թ, հոկտեմբերի 29-ին Արտիստական ընկերության թատրոնում։ Ժամանակի մամուլի վկայությամբ դրաման խոր հետաքրքրություն էր առաջացրել հասարակության մեջ, և թատրոնը լեփ-լեցուն էր։ Գլխավոր դերերում հանդես եկան՝ Հովհ. Աբելյանը (Մ, Ալվերդյան), Մայսուրյանը (Եվգինե), Գ. Ավետյանը (Բ, Գալամքարյանը), Գ. Պետրոսյանը (Գ, Ազրոյան), Զաբելը (Մարթա)։

Նշանավոր վիպասանի երկրորդ պիեսը ջերմ ընդունելություն է գտնում հանդիսատեսների շրջանում: Մամուլում երևում են դրվատական կարծիքներ դրամայի, ներկայացման և դրամատուրգի մասին։ Հոդվածներ են տպագրվում «Մշակ»-ում, «Նոր Դար»-ում, «Տարազ»-ում «Լումա»-ում «Արևելք»-ում, «Անահիտ»-ում, Կովկասի ռուսական մամուլում։ «Շիրվանզադեի պիեսը,— գրում է «Նոր Դար»-ի գրախոսը,— իբրև առաջին դրամատիկական գործ, իր թերություններով հանդերձ, լավ պիես է և ապացուցանում է, որ հեղինակը դրամատիկական երկեր կարող է հաջողությամբ հորինել. հարկավոր է միայն ժամանակ և աշխատություն» («Նոր դար», 1901 թ., № 161, էջ 3): Քննադատներից մի ուրիշը Գրիգոր Վանցյանը, անտես չառնելով դրամայի թերությունները, միաժամանակ ցույց էր տալիս դրամայի առավելություններն ու արժանիքները, նա մեծ ոգևորությամբ է խոսում Շիրվանզադեի դրամատուրգիական շնորհքի մասին, «Խաղի ամենաեռանդուն ծափահարողներից մինն էինք մենք, տեսնելով մեր առաջին վիպասանի մեջ և առաջնակարգ թատերգակի շնորհք։ Թատրոնից մենք հեռացանք այն հաճելի գիտակցությամբ, որ Սունդուկյանի տեղը թափուր չի մնալու այսուհետև» («Անահիտ», 1902 թ., 3, էջ 64)։ Բայց այսպիսի հոդվածների կողքին մամուլում տպագրվեցին նաև այնպիսիները, որոնց մեջ իրենց խիստ զգացնել էին տալիս կողմնակալությունն ու սուբյեկտիվիզմը։

«Մշակ»-ում ընդարձակ հոդվածով հանդես եկավ գրականագետ Վ. Նալբանդյանը։ Շիրվանզադեն տարիներ հետո «Կյանքի բովից»-ում դառնությամբ է հիշում այդ հոդվածը և այն կարծիքն է հայտնում, թե «Մշակ»-ի խմբագրությունը միտումնավոր կերպով աղավաղել էր Նալբանդյանի հոդվածը, քանի որ քննադատը բանավոր շատ բարձր կարծիք էր հայտնել դրամայի մասին, այնինչ «Մշակ»-ում ամեն կերպ աշխատում է պիեսը ոչինչի հավասարեցնել (Երկերի լիակատար ժողովածու, Հ. 8. էջ 223, 1951 թ,)։ Շիրվանզադեի ենթադրությունն, իհարկե, անհավանական չէ, ժամանակի հայ մամուլին, ինչպես և «Մշակ»-ին, խորթ չէին նման բարքերը։ Բայց, այնուամենայնիվ, «Մշակ»-ի գրախոսն էլ տեղ-տեղ մի կեսբերան նշում է պիեսի արժանիքները. «Եթե ընդհանրապես գնահատող լինենք, պետք է խոստովանենք, որ դրաման մեզ վրա վատ տպավորություն չթողեց։ Հեղինակը, մի առանձին հակում է ցույց տալիս կենտրոնանալ ներքին պրոցեսների, հոգեկան մաքառումների շուրջը» («Մշակ», 1901 թ., № 243, էջ 3)։

Բայց այդ հոդվածում, ինչպես նաև մի շարք ուրիշ հոդվածներում, պակասում է բարյացակամությունը հեղինակի նկատմամբ. ավելի քան ընդգծված