Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժբախտ եմ։ Գիտեմ, որ իմ զգացումը դատապարտելի է ամեն մի բարոյական մարդու աչքում։ Այո, Միքայելը իմ ընկերն է, թեև ոչ յուր բարքով. այո, դուք նրա ամուսինն եք և զավակ ունեք: Բայց ի՞նչ անեմ, ես անզոր եմ դիմանալ այն զգացմանը, որ ահա քանի ժամանակ է ինձ բռնի ուժով մղում է դեպի ձեզ։ (Երաժշտության ձայն):

ՀԵՂԻՆԵ. Դադարեցեք, պարո՛ն, դադարեցեք։ Այնքան հիմար չեմ, որ այդ չհասկանայի։ Ես վաղուց էի զգում ձեր միտքը: Բայց ապահով կացեք, բնավ վատ գաղափար չեմ ունեցել ձեր մասին։ Ցավում եմ միայն, որ ձեր մեջ այդ զգացումը բավական առաջացել է։ Փույթ չէ․ դուք չափահաս տղամարդ եք, խելացի եք, կարող եք դյուրությամբ զսպել ձեզ։ Աշխատեցեք ուրեմն զսպել, և ես խոսք եմ տալիս՝ հարգել ձեզ միշտ իբրև մի բարոյական, մի ազնիվ մարդու։ Ուրիշ զգացում դեպի ձեզ չեմ կարող ունենալ, այս է իմ վերջին խոսքը։ Իսկ եթե գոհ չեք իմ հարգանքով, եթե կշարունակեք ձեր սխալ ընթացքը, այն ժամանակ սրտի ցավոք ստիպված կլինեմ խնդրել ձեզ, որ դադարեք այս տունը այցելելուց։ (Գնում է միջին դռներով, ուր նա հանդիպում է Օլգային: Նայում են միմյանց):
ՍՈՒԼԻԿՅԱՆ. (Միայնակ) Խորտակվեց իմ ցնորքը առաքինության մի խիստ, բայց արդարացի հարվածով, դժբախտացած, առանց լիովին զգալու սիրո հրապույրը։ Բայց ո՞ւր է իմ խելքը, իմ սառնությունը, վերջապես իմ ինքնասիրության և պատվի զգացումը։ (Օլգան մի քանի քայլ առաջ է գալիս, խորհրդավոր կերպով նայելով Սուլիկյանին):

ՏԵՍԻԼ ԺԵ.


ՍՈՒԼԻԿՅԱՆ և ՕԼԳԱ


ՕԼԳԱ. Պարո՛ն Սուլիկյան, ես ձեզ սպասում էի կադրիլին։
ՍՈՒԼԻԿՅԱՆ. (Սթափվելով) Ա՜հ, այդ դո՞ւք եք, ներեցեք։
ՕԼԳԱ. Ներելը արդեն ուշ է, կադրիլը վերջացավ, շուտով կսկսվի ընթրիքը։