ՏԵՍԻԼ ԺԵ․
ՀԵՂԻՆԵ և ՍՈԻԼԻԿՅԱՆ
ՍՈԻԼԻԿՅԱՆ․ Այո, նա ինքը... (Անյուտան մի քանի վայրկյան մնում է դռների մոտ, ապա անհետանում):
ՀԵՂԻՆԵ․ Այսօր ինձ վիճակված է շատ բան տեսնել և շատ զգալ (Բարձր) Ի՞նչ եք կամենում։
ՍՈԻԼԻԿՅԱՆ․ Գիտեմ, ոչ մի անսպասելիք ձեզ չէր կարող այնքան զարմացնել, որքան իմ այստեղ երևալը։
ՀԵՂԻՆԵ. Ես վաղուց դադարել եմ զարմանալ․․․ Ասացե՛ք, ի՞նչ է հարկավոր ձեզ։
ՍՈԻԼԻԿՅԱՆ․ Իշխանուհի՛, դուք բարի եք, վեհանձն, համբերող, ահա ինչու համարձակվեցի այստեղ գալ։ Ձեր առաջ կանգնած է մի հանցավոր, բայց ակամա հանցավոր։ Այո, ես մոռացա իմ ընկերական զգացումը և բարեկամի սուրբ պարտականությունը, ես որ կյանքումս չէի սիրած, հրապուրվեցի ձեզանով։ Սկզբում կարծում էի, որ դա րոպեական մի անցողիկ քմահաճություն է։ Օ՜օ, մի՛ դարձնեք ձեր երեսը, ամոթը ինձ և միմիայն ինձ է վերաբերում։ Սակայն ժամանակը ինձ համոզեց, որ սխալվում եմ։ Դուք անգիտակցաբար տիրապետեցիք իմ սրտին։ Այն չարագուշակ երեկոն, երբ ինձ այնպիսի արհամարհանք ցույց տվիք, իմ գոյության ամենաերջանիկ և ամենատարաբախտ վայրկյանն էր։ Երջանիկ, որովհետև զգում էի, որ կյանքիս մեջ առաջին անգամ սիրում եմ մեկին անհուն սիրով, տարաբախտ, որովհետև այդ սերը փոխադարձ չէր, արգելված էր, մեղսալի, արհամարհված։
ՀԵՂԻՆԵ. Այո, արհամարհված, բավական է, մի՛ հիշեցրեք ինձ անցյալը. оо՜о, ինչո՞ւ եկաք այստեղ, ինչո՞ւ կրկին հուզեցիք ինձ։
ՍՈԻԼԻԿՅԱՆ․ Իմ մեջ կռվում էին երկու ծայրահեղ զգացումներ՝ մի կողմից ընկերական սրբությունը և հասարակական կարծիքի ծանրությունը, մյուս կողմից՝ սերը։ Վերջինը