արդուկով։ Նա ինձ բարձրացնում էր իր երկար ուսերի վրա և գետնին զարկում ինչպես մի կատվի, ինչպես մի շան ձագի։ Ես ի՞նչպես մնայի այդ տեսակ մարդու մոտ։
ՍՈՒՍԱՆ. (Մտազբաղ): Ճշմարիտ է, հայրս շատ խիստ մարդ է։
ՍԵՅՐԱՆ. Ծեծը, Սուսան, վատ բան է մարդու համար, շատ վատ բան։ Ծեծը ոչ միայն մարդու մարմինն է ցավեցնում, հոգին էլ է տանջում։ Թող ինձ խրատեն, նախատեն, հայհոյեն, անիծեն, թող տնից դուրս անեն, առանց հաց ու ջրի թողնեն, բայց չծեծեն։ Ես ծեծը անպատվություն եմ համարում։ Նամուս ունեցող մարդը չի կարող թույլ տալ, որ մի ուրիշ մարդ իրան վրա ձեռք բարձրացնի։
ՍՈՒՍԱՆ. (Լսել է ուշադիր, մելամաղձոտ, մտազբաղ): Ճշմարիտ ես ասում, Սեյրան, ճշմարիտ ես ասում. ծեծվելը ես էլ եմ ամոթ համարում։ Բայց ինչ արած, ինչ արած, քանի որ մենք պետք է հնազանդվենք մեր ծնողներին, թեկուզ նրանք մեզ կախ էլ տան։
ՍԵՅՐԱՆ. Ոչ, Սուսան, չպիտի հնազանդվենք։ Խոնարհվենք, սիրենք, հարգենք, բայց չթողնենք, որ մեզ հետ վարվեն ինչպես անասունների հետ։ Ես այսպես եմ հասկանում և այսպես էլ պիտի անեմ, այսուհետև. էլ ոչ ոքի, ոչ ոքի չեմ թույլ տալ գլխիս մի մազին դիպչելու: Չէ որ հիմա ես էլ եմ տղամարդ, ես էլ նամուս ունեմ. վայ նրան, որ կփորձի իմ պատվին դիպչել. կտոր-կտոր կանեմ այդպիսուն։
ՍՈՒՍԱՆ. (Նայելով Սեյրանին, հափշտակվել է նրանով և մոռացել է իր երկյուղը): Գիտեմ, դու քաջ ես, քո կռների մեջ առյուծի ուժ կա, և սրտիդ մեջ խանի հպարտություն: Դու երեխա ժամանակդ էլ հպարտ էիր, և ոչ ոք չէր համարձակվում քեզ դիպչել: Ա՜խ, երանի անցած գնացած օրերին, երանի մեր ազատ մանկության, հազար երանի։
ՍԵՅՐԱՆ. (Ոգևորվելով): Ուրեմն մի՞տդ է մեր մանկությունը, հիշո՞ւմ ես դու այդ օրերը։ (Բռնում է նրա ձեռը):
ՍՈՒՍԱՆ. Մի՞թե կարող եմ մոռանալ։ Օ՜, Սեյրան, ես ամեն բան հիշում եմ, ամեն բան։
ՍԵՅՐԱՆ. (Զվարթ): Մինչև անգամ կարմիր կովի՞ն։