Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Ձայնը բարձրացնելով): Ի՞նչ էր անում նա այստեղ։


ՍՈՒՍԱՆ. (Ուզում է պատասխանել, լեզուն կաշկանդվում է):

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Ես քեզ հարցնում եմ, ի՞նչ գործ ուներ այդ լակոտն այստեղ։

ՍՈՒՍԱՆ. (Դողդոջուն ձայնով): Եկել էր քեզ տեսնելու։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Դառն հեգնությամբ): Հաա՞, շատ շնորհակալ եմ։ Անառակ։

ՍՈՒՍԱՆ. (Ձեռներն իրար գցելով, աղերսական): Մեղա աստծու, հայր, մեղա աստծու։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Բռնում է Սուսանի թևից և քաշելով նրան, տանում է դեպի ձախ կողմի դուռը): Եկ այստեղ, եկ, ես քեզ ցույց կտամ, թե դու ում աղջիկն ես։

ՍՈՒՍԱՆ. Խնայիր, ներիր։ (Հետևում է հորն և գնում մյուս սենյակ, ու ճչում է):

ՏԵՍԻԼ 6

ԳՅՈՒԼՆԱԶ և ՍՄԲԱՏ

ԳՅՈՒԼՆԱԶ. (Գալիս է խորքի դռնով: Չմուշկները հանում է դռան մոտ, չարշովը վերցնում է և ծալում): Ախր դու ի՞նչ գործ ունես նրանց հետ։


ՍՄԲԱՏ. (Գալիս է մոր հետ խորքի դռնով: Քսանումեկ տարեկան երիտասարդ է: Հագած է սև սատինից արխալուղ, վրան կարճ թևերով չուխա վազմաներով: Գլխին կլոր գդակ, ոտներին եվրոպական կոշիկներ): Նրանք թափվեցին մեզ վրա ծեծելու։ Ես ու Սեյրանը փայտերով հարձակվեցինք նրանց վրա և մի լավ խրատեցինք։

ԳՅՈՒԼՆԱԶ. (Գալիս է բեմի կենտրոնը, լսում է Սուսանի ձայնը): Այդ ի՞նչ է պատահել երեխայիս։ (Չարշովը մի կողմ շպրտելով վազում է դեպի ձախ կողմի դուռը) Ամա՜ն։

ՍՄԲԱՏ. Հայրիկը ծեծում է նրան։ (Տրտմությամբ): Ա՜հ: (Վրդովված անցուդարձ է անում):