ԲԱՐԽՈՒԴԱՐ. Քիչ խոսիր։ Օրը մթնել է, մոմ վառիր։
ԳՅՈՒԼՆԱԶ․ Մթներ երկինք ու երկիր, այս օրը չտեսնեի։ Աստված, աստված, երանի այն կնոջը, որ զավակ չունի։ (Վերցնում է պատի խորշից մի մոմ, վառում է լուցկիով և դնում է սնդուկներից մեկի վրա):
ԲԱՐԽՈՒԴԱՐ. Շուն ընկնեիր ինձ համար ավելի լավ կլիներ, քան այդ տեսակ աղջիկ։ (Անցուդարձ է անում հուզված):
ԳՅՈՒԼՆԱԶ. Ինչո՞ւ, ի՞նչ մի մեղք է գործել։ (Ավելը վերցնում է հատակի վրայից, արագ սրբում է սենյակը և խորքի դռներով դուրս գցում):
ԲԱՐԽՈՒԴԱՐ. Ամոթ չունե, հարցնում էլ է։ Ես քեզ քա՞նի անգամ եմ ասել, մի՛ թողնիր աղջկանդ տանը մենակ. ի՞նչ ես չարշովը գլխիդ՝ փողոցները չափչփում։
ԳՅՈՒԼՆԱԶ․ Ես փողոցները չէի չափչփում, գնացել էի քրոջդ տեսնելու։ Նա մահամերձ է։ (Կարգի է բերում սենյակը):
ԲԱՐԽՈՒԴԱՐ. Թող ամենքը սատկեն. ինձ համար իմ տան պատիվն է միայն թանկ։ Ես գլխիս գդակ ունեի, դու նրան վերցրիր և շան ու գայլերի առաջ գցեցիր։
ԳՅՈՒԼՆԱԶ․ Ախր ի՞նչ մի մեծ մեղք է, որ հարսնացուն տեսնվում է իր նշանածի հետ։
ԲԱՐԽՈՒԴԱՐ. Դու տեսնվում էի՞ր ինձ հետ, երբ հարսնացու էիր։
ԳՅՈՒԼՆԱԶ. Երանի տեսնեի, քեզ նման գազանի կինը չէի լինիլ։
ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Կատաղելով, սպառնալով չիբուխով): Սուս, թե չէ քեզ էլ աղջկադ օրը կգցեմ։
ԳՅՈՒԼՆԱԶ. Ահ, անիծվի քեզ նման մարդը:
ՏԵՍԻԼ 9
ՆՈԻՅՆՔ, ՀԱՅՐԱՊԵՏ և ՍՄԲԱՏ
ՀԱՅՐԱՊԵՏ. (Գալիս է խորքի դռնով: Հագնված է այնպես, ինչպես ինը տարի առաջ: Ծերացել է: Չմուշկները թողնում է դռան մոտ, գդակը վերցնում): Ողորմի աստված:
ԳՅՈՒԼՆԱԶ. Աստված ողորմի։