մերն էին լուսավորում: Բարձրացավ հարայ-հուրայ։ Մենք շվարեցինք։ Կանայք վայնասուն բարձրացրին։
ՍԱՆԱՄ. (Անհամբեր): Հետո՞, հետո՞։
ԱՂԱԲԵԳ. (Տակավին հևալով): Ռուստամը գոռաց. «Ադա ջահը վառեցեք»։ Գդուլ Մաթոսը ջահը վառեց, ի՞նչ տեսանք, մոտ տասը-տասներկու ջահել տղերք փայտերով և խանչալներով գալիս են մեզ վրա։
Գ. ՀՅՈՒՐ. Թուրքե՞ր։
ԱՂԱԲԵԳ. Հայեր։ Նրանք հայերեն էին հայհոյում։ Ռուստամը մի ձեռքով գրկեց նորահարսին, մյուսով խլեց խաչեղբոր թուրը և Ասլանի պես գոռաց. «Ով որ նամարդ չէ, թող առաջ գա»։ Մերոնք սիրտ առան։ Չուխաները հանեցին,թևներին փաթաթեցին, վազեցին չոուշ Մնացականի չափառներից մի-մի փայտ դուրս բերեցին։ Մի քանիսն էլ խանչալներ ունեին։ Սկսեցինք կռվել։
ՍԱՆԱՄ. Ողորմած աստված։
ԱՂԱԲԵԳ. Նամարդները երկար չդիմացան։ Սկսեցին մեկ-մեկ փախչել։ Վերջը մեջտեղ մնաց մեկը` ոտից մինչև գլուխը ցեխաթաթախ։
ՍԱՆԱՄ. Ո՞վ էր, ախ աստված, ո՞վ էր։
ԱՂԱԲԵԳ. Չճանաչեցինք։
ՀՅՈՒՐԵՐԻՑ ՈՄԱՆՔ. (Իրարու նշաններ են անում, թե ճանաչում են):
ԱՂԱԲԵԳ. Նա գոռում էր իր ընկերների վրա.«Է՜յ, բենամուս ընկերներ, ո՞րտեղ եք փախչում, կանգ առեք»։ Բայց ոչ ոք չլսեց նրան։ Փախան։ Նամարդը սկսեց հայհոյել Ռուստամին, նորահարսի ծնողներին։ Հարբած էր այնպես, որ ոտքի վրա կանգնել չէր կարողանում։ (Զուռնայի ձայնը
մոտենում է):
ՍԱՆԱՄ. (Երկու ձեռները ծնկներին զարկելով): Վա՜յ ինձ,
ուրախ օրս սևացրին։
ՀՅՈՒՐԵՐ. Հարսանիքը գալիս է, գալիս է։ (Իրարանցում):
ԱՂԱԲԵԳ. Իսկի մի վախենար, Սանամ խանում, իսկի մի վախենար, ոչ ոքի գլխի մազին վնաս չի հասնիլ: Հարսանիքը գալիս է ուրախ-ուրախ, գնանք առաջ։ (Գնում է խորքի դռներով):