Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էի և երեսս խաչակնքում էի։ Այժմ, գոհություն երկնավորին, ես հավատացյալ քրիստոնյա եմ։ Բայց Հիսուսի ծնունդը մենք էլ ենք տոնում, միայն աղոթքով։ (Ձեռներն իրարու կցելով, գլուխը հեզությամբ թեքում է դեպի մեջքը, աչքերը ուղղում է դեպի երկինք): Աստված, աստված, դու քո մինիկ որդուն վերցրիր, ուղարկեցիր այս փչացած աշխարհը, որ մեզ ազատի գեհենից։ Նա եկավ մեր մեղքերը հավաքեց, մի մեծ տոպրակի մեջ ածեց, վերցրեց, տարավ դժոխք թափեց։ Մենք ազատվեցինք, բայց հեթանոսները, փարիսեցիները և սադուկեցիները նրան տանջեցին, խաչ հանեցին, ոտները ծակերին, նա մեռավ, թաղվեց, երեք օրից հետո հարություն առավ, նստեց հրեշտակների թևերի վրա, բարձրացավ երկինք, կողքիդ նստեց։ Թող օրհնվի նրա անունը։ Ամեն։ (Երեսին չի խաչակնքում): Այսպես ենք մենք տոնում աստծու տոները։ (Սկսում է թեյ խմել երանելի դեմքով):


ՏԵՍԻԼ 3


ՆՈԻՅՆՔ, ՋԱՀԱՆԳԻՐ և ԵԳՈՌ


ՋԱՀԱՆԳԻՐ. (Գալիս է խորքի դռնով: Հագած է ոչխարի մորթուց մուշտակ, վրեն սև չուխա, տակից կարճ արխալուղ: Չուխայի վրայից յափնջի: Գլխին դրած է կլոր, ցած գդակ, որ ծածկված է բաշլղով: Յափնջին և բաշլղը, վերցնելով թափ է տալիս: Կարմիր դեմքով, առողջ, զվարթ տղամարդ է, մի քիչ հաստ փորով: Երեսը սափրած է, բեղերը ոլորած): Մեռա, ձեր արևը մեռա։ Ձյուն չէ, փոթորիկ է։
ԵԳՈՌ. (Գալիս է Ջանանգիրի հետ խորքի դռնով: Հագնված է այնպես, ինչպես Ջավադը: Բաշլղը և յափնջին թափ է տալիս և քարշ է անում միջնորմի վրա: Գեղեցիկ դեմքով երիտասարդ է, քսանուհինգ տարեկան): Քամին Շահդաղից է փչում։ Բարի երեկո դարդիմաններին։ (Առաջ է գալիս խոշոր քայլերով՝ ձեռ է տալիս ու նստում):