Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռներն իրար կցելով): Ով աստված, ներիր այս հեթանոսին, որովհետև չի հասկանում, թե ինչ է ասում։ Նա չգիտե, որ ճշմարիտ քրիստոնյան պարտավոր է ամեն օր, ամեն ժամ, ամեն դաղդա ի տվնջյան և ի գիշերի հիշել քո սուրբ անունը և աղոթել։ Ներիր, տեր, ներիր։ Ամեն։ (Գարեջուր է խմում):

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ․ (Ձախ կողմի դռնից բերում է մի շամփուր խորոված ձուկ և պահում է Ռուստամի առջև):
ՌՈՒՍՏԱՄ․ (Ձուկը շամփուրից հանում է մի մեծ ափսեի մեջ և դնում սեղանի վրա):
ՋԱՎԱԴ․ (Մի բաժակ գինի ածելով): Տղերք, շնորհավոր ծնունդ Քրիստոսի։
ՄԱՐՏԻՐՈՍ․ Եվ Հիսուսի, որդո մարդո։
ԱՄԵնՔԸ. Օրհնյալ ծնունդ Քրիստոսի։ (Գավաթները զարկում են իրար և խմում):
ՋԱՀԱՆԳԻՐ. Եղբայր Մարտիրոս, մի Շամախու շիքյաստա ասա։ (Ձուկ է ուտում):
ՄԱՐՏԻՐՈՍ. Հիսուսի աշակերտները շիքյաստա-միքյաստա չէին ասում։
ԵԳՈՌ. Բայց դու առաջ ասում էիր, ես շատ եմ լսել։
ՄԱՐՏԻՐՈՍ․ Առաջ ես հեթանոս էի։ (Ձուկ է ուտում):
ՋԱՎԱԴ․ Այսինքն, հայ լուսավորչական։
ՋԱՀԱՆԳԻՐ․ Այդ անիրավը լուսավորչականներին հեթանոս է անվանում։ (Ձուկ է ուտում):
ՋԱՎԱԴ․ Տղերք, գավաթներդ լցրեք։
ՋԱՀԱՆԳԻՐ․ (Յուր գավաթը լեցնելով): Պատրաստ եմ ծառայելու։
ՋԱՎԱԴ․ Խմենք մեր անբախտ քաղաքի կենացը։
ԱՄԵնՔԸ․ Խմենք, խմենք։
ՋԱՎԱԴ․ Աստված տա, որ վերջապես, նրա հողը հանդարտվի, քարը քարի վրա մնա։
ԱՄԵնՔԸ․ Ամեն, ամեն։
ՄԱՐՏԻՐՈՍ․ Մինչև որ բոլոր հեթանոսները Հիսուսի ավետարանը չընդունեն, մեր քաղաքը միշտ տակն ու վրա է լինելու։ (Աչքերը վեր ուղղելով): Տեր, կարծում եմ, որ քո սիրած խոսքն ասացի։