Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՊՊԱՆԻԿ. (Ուրախ-ուրախ): Տեսնում ես, տեսնո՞ւմ ես։ Դե, թող օրես դեն էլ թշնամիներս ասեն Շպպանիկն այս, Շպպանիկն այն է։ Դիդիրի դի, դիր, դիդիրի դիր։ (Չըրթմա է զարկում և նստած տեղը պարում): Դիլ, դիլ, դիլ:


ՍԱՆԱՄ. Աղջի, դե պար ես գալիս, մարդավարի պարիր, որ քեֆս բացվի։

ՇՊՊԱՆԻԿ. Աչքիս վրա։ (Շալը գլխից դեն գցելով, արագ ոտքի է կանգնում և սկսում է պարել չըրթմա զարկելով): Այ, հա՜ ա, հա՜... Ծափ տուր, ծափ տուր, Սանամ խանում։ Դիրիրի, դիրիրի, դիդիլ, դիդիլ։ Դիդիլ, դիդիլ։ Ծափ տուր հա, ուխա, ուխա, չալդուս բռնեց, չալդուս բռնեց։ (Պարում է):

ՍԱՆԱՄ. (Ծափ տալով, շարունակ կուշտ-կուշտ ծիծաղում է բարձրաձայն): Չմեռնես, դու Շպպանիկ, չմեռնես, սպանեցիր ինձ։ Դե, լավ հերիք է, թե չէ, իմ պարս էլ բռնում է։ (Նստած տեղը պարում է):

ՇՊՊԱՆԻԿ. (Դադարում է պարել և, շալը գլխին գցելով, նստում է): Օհ, հոգնեցի։

ՍԱՆԱՄ. (Տակավին ծիծաղելով): Օ՜հ, թուլացա, թուլացա, սատկած, գիշեր֊ցերեկ պարում ես։

ՇՊՊԱՆԻԿ. Ինչո՞ւ չեմ պարիլ: Ոչ փող ունիմ, ոչ պարտք։ Մի մարդ ունիմ զուռնաչի, գիշեր֊ցերեկ փչում է։ Չփչելիս՝ կոնծում է։ Հենց որ գլխին զարկում եմ, լափաշվում է ձկնի պես, խռմփում է խոզի պես։ Այս քաղաքն իմ տունն է, քոռ ու քաչալ իմ ղուլն է։ Այստեղ ուտում եմ, այնտեղ խմում, աղջիկներին պսակում, խալաթները ստանում։ Բայց քեզանից նեղացած եմ, Սանամ խանում, շատ եմ նեղացած։

ՍԱՆԱՄ. Ինչո՞ւ, ա կնիկ։

ՇՊՊԱՆԻԿ. Մի՞տդ է ինչ օյին բերեցիր գլխիս հարսանիքի մյուս օրը, երբ եկել էի խալաթս ստանալու։

ՍԱՆԱՄ. Ա՜խ, Շպպանիկ, մի՛ խոսիր դրա մասին։ Օ՜, չգիտես Ռուստամս ինչ դրության մեջ էր այդ երեք օրը: Տունը քանդվի բամբասողների, ի՜նչ ասեմ։

ՇՊՊԱՆԻԿ. Ախար չէ՞ որ ես Շպպանիկն եմ։ Քաղաքը կաթսա է, ես շերեփ, կարող եմ այսպես էլ խառնել, այնպես