թող կատաղի ինձ վրա: (Արագ քայլերով մոտենում է լուսամատին, բաց է անում, դեպի վեր նայելով): Տեր, ներիր մորս: Տեր, իմ գլխին թափիր կրակդ։
ՇՈՒՇԱՆ. Հեռացիր այդտեղից, կայծակը կարող է քեղ խփել: (Մոտենում է Սոնային ու թևից բռնում):
ՍՈՆԱ. Թող խփե իմ ուզածն էլ այդ է: (Նորից որոտում ու կայծակ, ավելի զորեղ: Հետո շարունակվում են ավելի թույլ, բայց անընդհատ):
ՇՈՒՇԱՆ. Այ, տեսա՞ր, նա ընկավ մեր հարևան կտուրի վրա: Թթի ծառը գլորեց գետին: Հեռո՜ւ, հեռո՜ւ, ասում եմ: (Ուզում է Սոնային հեոացնել լուսամուտից):
ՍՈՆԱ. Թող ինձ, թող ինձ, ես ուզում եմ մեռնել:
ՇՈՒՇԱՆ. (Բաց թողնելով Սոնային): Նա խելագարվում է. ի՜նչ անեմ, ի՜նչ անեմ:
ՍՈՆԱ. Դե եկ, երկնային պատիժ, եկ, ինչո՜ւ ես ուշանում, բավական է, որքան տանջերիր ինձ: Եկ, իմ արժանի պատիժ, եկ, կործանիր մեղավորիս։ Ազատիր ինձ իմ ցավերից: Խղճա ինձ, խփիր, խփիր, խփիր գլխիս, աղաչում եմ, պաղատում եմ։ Ահ, չե՜ս ուզում. չե՜ս ուզում: Դե, տանջիր, տանջիր, որքան կարող ես (Թուլացած ընկնում է հատակի վրա և գլուխը բռնում է ձեոներով):
Տեսիլ 2
ՆՈՒՅՆՔ և ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում, միայն ոտներին չուստեր: Գլխին գցած է մի դատարկ տոպրակ՝ անձրևից պաշտպանելու համար: Սաղի փոխարեն կրծքին սեղմել է մի հաստ գավագան):
Պսպղում էր սև օձի պես սուր թուրը,
Սլանում էր բազեի պես քեահլան ձին,
Քամուն տվեց բերնից վազող փրփուրը,
Կատաղել էր, կոտորում էր Քյոռ-Օղլին:
ՇՈՒՇԱՆ. Եկ, Դանիլջ ախպեր, եկ ինձ ազատիր։