Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՋԱՎԱՀԻՐ. (Ձեռով սպառնալով դեպի Մուրադի ու Սոնայի սենյակը): Օ՜օ, Հուդայի ծնունդ, ես Ջավահիրը չեմ լինի եթե քեզանից չազատվեմ: (Գնում է աջ կողմի դռներով):

ՏԵՍԻԼ 2

ՄՈԻՐԱԴ և ՍՈՆԱ

ՄՈՒՐԱԴ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռներով: Նիհարել է, գունատվել): Ես քեզ ասում եմ՝ ոչ մի խոսք այդ մասին ու ոչ մի խոսք։ Իմ վճիռը հաստատ է։

ՍՈՆԱ. (Գալիս է Մուրադի հետևից խորքի ձախակողմյան դռներով): Աղաչում եմ, Մուրադ, պաղատում եմ, լռիր մորդ խոսքը, արձակիր ինձ, որ գնամ ծնողներիս տունը։ Ես չեմ ուզում ոչ քեզ տանջել և ոչ էլ քո մերձավորներին։
ՄՈՒՐԱԴ. Այս տանը ո՛չ ոք չի տանջվում, բացի քեզանից։
ՍՈՆԱ. Ա՜ա, ոչ ոք չի տանջվում։ Կարծես ես կույր եմ, չեմ տեսնում քո կերպարանքը, խուլ եմ, չեմ լսում քո ծանր հառաչանքները։ Եվ միթե միայն քո տանջա՞նքն է, որ խիղճս տակն ու վրա է անում։ Ա՜խ, այս տանն ինչ որ անբախտություն պատահում է, մայրդ, եղբայրդ ու Ջավահիրը պատճառն ինձ են համարում։
ՄՈՒՐԱԴ. Շատ սխալվում են, որ քեզ են համարում։
ՍՈՆԱ. Ոչ, ոչ, մի՛ ասա, ունին իրավունք։ Ես մեղավոր եմ, ոտից մինչև գլուխ մեղավոր եմ ամենքի առաջ, ամենքի առաջ: (Աչքերը վեր բարձրացնելով): Աստված իմ, կա՞ արդյոք, ինձ համար արժանի պատիժ քո արդար դատաստանում։
ՄՈՒՐԱԴ. Աստված անգութ է քո վերաբերմամբ։
ՍՈՆԱ. (Կրոնական երկուղածությամբ): Աման. Մուրադ, մի ասա այդպիսի խոսքեր, աստված կբարկանա քեզ վրա։
ՄՈՒՐԱԴ. Թող բարկանա, ես չեմ վախենում նրանից։
ՍՈՆԱ. (Սարսափելով): Սուս, սուս, մի՛ անարգիր նրան, մի անարգիր, ես չեմ կարող լսել այդպիսի խոսքեր։ (Ձեռքերը դարձյալ դեպի վեր բարձրացնելով): Տեր, ներիր նրան, ներիր, աղաչում եմ...