Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Առանց նայելու Վիրգինեին): Այո՛, ես պարոն Հմայակի հետ խոսել եմ ամեն բանի մասին։

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Եվ նա հիացած է ձեզանով։ Ասում է, առաջին անգամն եմ հանդիպում մի հայ կնոջ, որ գեղեցիկի մասին գաղափար ունի:
ՎԻՐԳԻՆԵ. (Մեկուսի): Օհո՜ւ,
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Իսկ երեկ նա վերադարձավ խելագարված ձեր դաշնամուր նվագելուց։ (Դիտում է Արմենուհու հագուստը):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ես թանկ եմ գնահատում արտիստի կարծիքը։
ՎԻՐԳԻՆԵ. (Սիրանույշին): Է՛հ, սիրելիս, այժմ ո՞վ չի դաշնամուր նվագում։ Անցեք մեր փողոցներով, յուրաքանչյուր լուսամուտից կլսեք «դի՜նգ-դընգ, դի՜նգ, դընգ»... (Սուրճ է խմում):
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ես էլ օրիորդ ժամանակս շատ էի նվագում, բայց հիմա դաշնամուրս փոշի է պատել։ (Արմենուհուն):
Ասացե՛ք, խնդրեմ, ո՞րտեղ եք կարել տվել այդ հագուստը։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Անփույթ): Թիֆլիսում։ (Սուրճ է խմում):
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Հիանալի՜ է։ Երևակայեցե՛ք, գարնանը ես Պարիզում երկու հագուստ պատվիրեցի — փչացրին։ (Շոշափելով Արմենուհու շրջազգեստը): Եվ ի՜նչ ամուր կտոր է, երկար կդիմանա։
ՎԻՐԳԻՆԵ. (Սիրանույշին): Ես ձեր հագուստն ավելի եմ հավանում։ Դուք ճաշակ ունիք։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ուշադրություն չդարձնելով Վիրգինեի խոսքերի վրա, Սիրանույշին): Դուք ասացիք, թե գարնանը Պարիզումն եք եղել անկասկած, տեսել եք այն պիեսը, որ ներկայացնում է Բեթհովենի ողբերգական կյանքը։ Ասում են շատ սրտաշարժ է այն տեսարանը, երբ ինը սիմֆոնիաները գալիս են իրենց երկնային ձայնով մխիթարելու հանճարեղ ստեղծագործողին։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Ձանձրույթով): Չգիտեմ, չեմ հիշում, թատրոններ շատ եմ տեսել։ Երկու ամսվա ընթացքում Պարիզում ծախսեցինք չորս հազար հարյուր քսան ու յոթ ռուբլի։