ՄԱՏԹԵՈՍ. Ես վճռեցի գնալ Իտալիա։ Պետք է ինձ ճանապարհածախս տաս։
ՄԻՔԱՅԵԼ. Իտալիա՞։ Մենք Իտալիան տեսել ենք։ Բավական է։
ՄԱՏԹԵՈՍ. Ոչ, պապա, ես զվարճության համար չեմ գնում։ Ես գնում եմ Միլան՝ ձայնս մշակելու։
ՄԻՔԱՅԵԼ.
ՄԻՔԱՅԵԼ. Լավ արհեստ է, հինգ տարի է ուսումդ թողած, տաշում ես, հա տաշում կոկորդդ, բան չի դուրս գալիս։ Վարժապետներիդ փող տալուց հոգիս բերանս եկավ, մի անգամ էլ չլսեցի, որ գոնե մի շիքյաստա էլ է երգես։
ՄԱՏԹԵՈՍ. (Ներողամիտ ժպիտով): Պապա, ես շիքյաստա երգող չեմ։ Ես պատրաստվում եմ օպերա մտնելու։
ՄԻՔԱՅԵԼ. Գնա բանիդ էէ՝, ես քո օպերան էլ եմ տեսել և կարող եմ ասել, որ քեզանից օպերա երգող չի դուրս գալ։ Դե հեռացիր, գործ ունիմ։
ՄԱՏԹԵՈՍ. Պապա՝, դու ինձ պիտի տաս գոնե հինգ հարյուր ռուբլի ճանապարհածախս և ամսական էլ քիչ–քիչ երեք հարյուր ռուբլի։
ՄԻՔԱՅԵԼ. Իսկի մի կոպեկ էլ չեմ տալ։
ՄԱՏԹԵՈՍ. Չես տալ՝ քեզ կխայտառակեմ։
ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՜։
ՄԱՏԹԵՈՍ. Այո՝, կխայտառակեմ։
ՄԻՔԱՅԵԼ. (Տաքանալով)։ Ինչպես կխայտառակես, ինչպե՞ս, ասա՛, ասա՛ տեսնեմ։
ՄԱՏԹԵՈՍ. Շատ հեշտ։ Այդ ի՞նչ ես գրում։ Ճառ, չէ՞։ Դու կիրակի օրը պիտի Բարեսիրական ընկերության ժողովում խոսես, չէ՞։ Շատ լավ, եթե խնդիրս չկատարես, կհավաքեմ ընկերներիս, կգամ ժողով ու քեզ մի լավ կշվացնենք։
ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՜
ՄԱՏԹԵՈՍ. Այո՛, այնպես կշվացնենք, որ չես իմանա ուր փախչես։ Այս դեռ բավական չէ։ Ես լրագիրների