Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Մինթոյանների բնակարանը: Ֆրանսիական ոճով կահավորված բավական ընդարձակ սալոն: Երեք դռներ—երկուսը խորքում, երրորդն աջ պատի մեջ: Խորքի ձախակողմյան դուռը տանում է նախասենյակ, աջ կողմինը՝ սեղանատուն: Աջ պատի միջի դուռը տանում է բնակարանի մյուս սենյակները: Ձախ պատի մեջ երեք լուսամուտներ ճերմակ դանթելյա վարագույրներով: Մի անկյունում դաշնամուր, մյուսում գահավորակ, կիսաբազկաթոռներ, սեղան մետաքսյա գունավոր սփռոցով ծածկված: Պատի տակ, մի փոքրիկ սեղանի վրա տելեֆոնի գործիք:


ՏԵՍԻԼ 1

ՊԵՏՐՈՍ, ՄԱԳԹԱՂԻՆԵ և ԺՈՐԺ ՄԻՆԹՈՅԱՆՆԵՐ

ՊԵՏՐՈՍ. (65 — 67 տարեկան բավական գեր մարդ է. երեսը սափրած է, ալեխառն ընչացքը—թանձր և վար իջած գլուխը ճաղատ է. դեմքի արտահայտությունը, ձևերն ու շարժումները կիսագռեհիկ են. նստած է գահավորակի վրա և ծխում է): Զուր գլուխս մի ցավեցնեք. մի անգամ, որ ասել եմ չեմ տալ, վզովս թոկ գցեք, խեղդեք— չեմ տալու։

411