Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 4

ՄԱԳԹԱՂԻՆԵ, ԱՐՏԱՇԵՍ, հետո ՊԵՏՐՈՍ

ԱՐՏԱՇԵՍ. (Համեստ հագնված, լուրջ, մտախոհ դեմքով մարդ է, մոտ հիսուն տարեկան): Պետրոսը տա՞նն է։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Տանն է։

ԱՐՏԱՇԵՍ. Ասա նրան, որ ես այստեղ եմ։ (Նստում է և ծխախոտ է վառում

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Գնում է աջ կողմի դռնով և շուտով վերադառնում է Պետրոսի հետ):

ՊԵՏՐՈՍ. Հըը՜, Արտաշ, ի՞նչ արին մեր խելոքները:

ԱՐՏԱՇԵՍ. Որոշեցին մի փոխառություն խնդրել։

ՊԵՏՐՈՍ. Ումի՞ց խնդրել։

ԱՐՏԱՇԵՍ. Պարիզաբնակ տաճկահայերից։

ՊԵՏՐՈՍ. Ինչքա՞ն։

ԱՐՏԱՇԵՍ. Մեկ ու կես միլիոն ֆրանկ։

ՊԵՏՐՈՍ. (Արհամարհանքով): Փե՛հ, դա ամեն մեկին մի գրվանքա ղոզհալվասու փող է…

ԱՐՏԱՇԵՍ. Ես կարծում եմ, այդ ակնավաճառներն այդքան էլ չեն տալ և ունին իրավունք չտալու։

ՊԵՏՐՈՍ. Կտան թե չեն տալ, մեզ համար միևնույն է. ինչ կասես, Մաղդաշ, հե՞։ (Աչքով նշան է անում կնոջը):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Խորհրդավոր ժպտալով): Իհարկե, միևնույն է։

ԱՐՏԱՇԵՍ. (Զարմացած նայում է նախ Պետրոսին, ապա Մագթաղինեին): Միևնո՞ւյնն է։

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս…

ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչ է պատահել. հարստացե՞լ եք։

ՊԵՏՐՈՍ. Դեռ չենք հարստացել, բայց շուտով կհարստանանք։ (Հպարտանում է և նայում է Մագթաղինեին խորհրդավոր):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այն էլ ինչպե՜ս... (Ժպտում է):

ԱՐՏԱՇԵՍ. Երևի, հանքերդ ծախել ես։ Անգլիացիների՞ն։