Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Պարիզի սրճարան: Մի մեծ սրահ, բաժանված մի քանի մասերի: Առաջին պլանի վրա առանձին բաժին, խորքից անջատված մի մետր բարձրությամբ միջնորմով: Այս ու այնտեղ քառակուսի սեղաններ, առանց սփռոցների և սփռոցներով: Մեջտեղ ազատ տարածություն: Մի մեծ ապակյա ինքնապտույտ դուռ ձախ պատի մեջ: Նման մի ուրիշ դուռ նույն պատի մեջ, միջնորմի ետևում: Այս երկու դռներն էլ տանում են դեպի տերրաս, որ կազմում է սրճարանի մի մասը: Միջնորմի աջ ու ձախ ծայրերը անցքեր են, որոնցով երթևեկում են և որոնք առաջին պլանը միացնում են խորքի հետ: Վաղ աշնանային երեկո է, սրճարանի լուսավորությունը պայծառանում է աստիճանաբար: Ամբողջ գործողությունը կատարվում է առաջին պլանի վրա: Վարագույրը բացվելուց մի րոպե առաջ երաժշտություն (դաշնամուր, ջութակ, թավ ջութակ), որ մերթ նվագում է, մերթ դադարում: Երաժիշտները, խորքում լինելով, չեն երևում:


Գործողության ընթացքում շարունակ գնում-գալիս են երկու սեռի և զանազան ազգությունների ու տիպերի հաճախորդներ, որոնց թվում զույգեր, nր առանց նեղվելու գրկախառնվում են ու համբուրվում: Յուրաքանչյուր հաճախորդ ներս մտնելով և տեղ բռնելով, իսկույն մերձեցող սպասավորին պատվիրում է իր ցանկացած ըմպելիքը: Պատվերները կատարվում են անհապաղ: