Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԵՏՐՈՍ. Դե լավ, թող մի բաժակ պիվա խմեմ, ծարավ եմ:

ԺՈՐԺ. Լավ, նստիր հենց այստեղ։ Բայց վերարկուդ հագիր։ (Օգնում է վերարկուն հագնելու): Կոճկիր։ Այ, այդպես։ Նստիր ու ոտներդ թաքցրու սեղանի տակ։ Չշարժվես: (Նստեցնում է առանձին սեղանի մոտ՝ ավանսցենի կողմում):

ՊԵՏՐՈՍ. Էս էլ ոտներս, դե ասա, որ պիվա տա։

ԺՈՐԺ. (Գարեջուր է պատվիրում սպասավորին, որ ոչ հեռու կանգնած ծիծաղում է Պետրոսի վրա):

ՍՊԱՍԱՎՈՐ. (Պետրոսի համար բերում է մի մեծ գավաթ գարեջուր):

ՊԵՏՐՈՍ. Դե դու ինձ մենակ թող, որ մտածեմ, թե ինչ պիտի ասեմ խնամուս։

ԺՈՐԺ. (Մոտենում է իր ընկերներին):


ՏԵՍԻԼ 11

ՊԵՏՐՈՍ և ԱՐՏԱՇԵՍ

ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է ձախ կողմի դռնով, ուզում է նստել, բայց Պետրոսին տեսնելով, զարմանում է ու մոտենում նրան)։ Բահ, դու այստե՞ղ, ո՞ր քամուց։

ՊԵՏՐՈՍ. Քամի-մամի չկա, քեփս տվեց — եկա։ Թե ուզում ես, նստիր։

ԱՐՏԱՇԵՍ. (Նստելով): Այդ ինչո՞ւ ես վերարկուդ այդպես կոճկել ու կուչ եկել։

ՊԵՏՐՈՍ. Ցուրտ է։

ԱՐՏԱՇԵՍ. Դու մրսո՞ւմ ես:

ՊԵՏՐՈՍ. Հա, մի քիչ հարբուխ ունեմ։ (Կեղծ հազում է ու փռշտում):

ԱՐՏԱՇԵՍ. Դու ե՞րբ ստացար հարբուխ, մի երկու ժամ առաջ առողջ էիր։

ՊԵՏՐՈՍ. (Փռշտում է): Աշխարհիս բաներն էդպես են. մի ժամ առաջ առողջ էիր եզան պես, մեկ էլ տեսար տնգլփստան տվիր, կամ մի օր առաջ գրպանումդ քամիներ էին խաղում, մեկ էլ տեսար աստված միլիոններ ուղ-