Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 2

ՆՈԻՅՆՔ և ԱՆԾԱՆՈԹ

Ա. ԱՆԾԱՆՈԹ. (Երկրորդ արարվածի ֆրանսիացին է, որ այժմ հագած է ֆրակ: Գալիս է աջ կողմի առաջին դռնով և նստում է աջ կողմի սեղաններից մեկի քով, մուտքին մոտիկ):

ՎԱՐԻՉ. (Շտապով կարգադրել է, որ սպասավորը ծառայե Անծանոթին և նորեն մոտեցել է Նատաշային): Գիտե՞ս ով է։ (Թեքվելով ինչ-nր շշնջում է Նատաշայի ականջին):

ՆԱՏԱՇԱ. (Ցնցվելով): Մի՞թե։ (Երկյուղով նայում է Անծանոթի կողմ):

ՎԱՐԻՉ. Այո, ես նրան ճանաչում եմ։ Հավատացնում եմ, որ առանց նպատակի չի եկել այստեղ։ (Տեսնելով Ստյոպային): Ահա եկավ քո բարեկամներից մեկը։ Ընդունիր ինքդ։


ՏԵՍԻԼ 3

ՆՈԻՅՆՔ և ՍՏՅՈՊԱ

ՍՏՅՈՊԱ. (Եկել է աջ կողմի առաջին դռնով, հագած է սմոկինգ):

ՆԱՏԱՇԱ. (Մոտեցել է Ստյոպային): Ինչո՞ւ ես մենակ։

ՍՏՅՈՊԱ. Մյուսներն էլ կգան։

ՆԱՏԱՇԱ. Որ այդպես է, անցիր կամարի ետև:

ՍՏՅՈՊԱ. (Գնում է կամարի ետև):

ԱՆԾԱՆՈԹ. (Աչքերով ուղեկցում է Ստյոպային):

ՎԱՐԻՉ. (Նկատելով Անծանոթի Ստյոպային հետևելը, մոտենում է Նատաշային): Այս գիշեր քո բարեկամի այստեղ գալն ինձ դուր չի գալիս։

ՆԱՏԱՇԱ. Ինչո՞ւ։

ՎԱՐԻՉ. Տեսա՞ր, այդ մարդն ինչպես նայեց նրա ետևից։

ՆԱՏԱՇԱ. Թող նայե, մե՞զ ինչ։ (Նկատելով Պետրոսին և Ժորժին)։ Ահա իմ հյուրն եկավ։ Ընդունիր նրան մեծ հարգանքով, իսկ ես հետո կմոտենամ։ (Շտապով գնում է կամարի ետև):