ՆԱՏԱՇԱ. (Հանդիսավոր): Անսահման երջանիկ կզգամ ինքզինքս, ծանոթանալով իմ ապագա փեսայի ազնվազարմ ծնողին հետ:
ՊԵՏՐՈՍ. (Ոտքի է կանգնել չափազանց շփոթված): Ես քեզանից էլ ավելի երջանիկ եմ, որ է… Պյոտր Իվանիչ Մինթոև բակինսկի-գռոզնսկիյ նեֆթապռոմիշնիկ, նստիր, քե մատաղ։
ՆԱՏԱՇԱ. (Նստելով): Շնորհակալ եմ մեծապես։
ՊԵՏՐՈՍ. Այ, տղա, հրամայիր մի մազա բերի։ Բուտերբրոդ կուզե՞ս։
ՎԱՐԻՉ. (Երեսը դարձնելով, ծիծաղում է)։
ՆԱՏԱՇԱ. Ոչ, շնորհակալ եմ։ Ես ծարավ եմ։ (Լցնում է իր և Պետրոսի բաժակները)։
ՊԵՏՐՈՍ. Խմիր, մատաղ, խմիր։ (Ժորժին)։ Դու կարող ես գնալ, մենք զրույց կանենք։
ԺՈՐԺ. (Նատաշային առանձին): Չմոռանաս խնդրածս։ (Բարձր)։ Պապա, ես գնում եմ իմ ընկերոջ մոտ։ (Գնում է կամարի ետև)։
ՏեՍԻԼ 7
ՊԵՏՐՈՍ և ՆԱՏԱՇԱ
ՊԵՏՐՈՍ. Հրամանքդ, ի՞նչ տեղ ես սովորել հայերեն խոսելը:
ՆԱՏԱՇԱ. Ստամբոլում։ Մարդս հոն շատ տարիներ դեսպան եղած է։ Մենք ամերիկացիքս շատ կսիրենք հայ ազգ ու կջանանք անոր լեզուն սովրել։ Իմ ուսուցիչ հայ միսսիոներ մը եղած է — Արտաքսոս Բունգուլտաշյան: Ձեր կենացը։ (Խմում է)։
ՊԵՏՐՈՍ. Այ շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ (Խմում է)։ Մարդդ հիմա ի՞նչ տեղ է։
ՆԱՏԱՇԱ. Մարդ չունիմ։ (Պետրոսի բաժակը նորեն լեցնում է)։
ՊԵՏՐՈՍ. Խե՞։
ՆԱՏԱՇԱ. Հինգ տարի առաջ մարդս կլորվեց։
ՊԵՏՐՈՍ. Ո՞նց թե կլորվեց: