ՏԵՍԻԼ 2
ՀՄԱՅԱԿ, ՍԻՐԱՆՈՒՅՇ և ՄԵԼԱՆԻԱ
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Գալիս է խորքի դռներով Հմայակից առաջ: Հագած առաջվա համեմատ համեստ հագուստ: Հուզված է): Բարև, Մելանիա, տանն ո՞վ կա։
ՄԵԼԱՆԻԱ. Մեծ տիկինը։
ՀՄԱՅԱԿ. (Գալիս է խորքի դռներով Սիրանույշի հետ: Հագած է ուրիշ հագուստ, ժակետ, շատ բաց մանուշակագույն ժիլե: Ձեռքում բռնած է մի թղթե կապոց): Իսկ պարո՞նդ:
ՄԵԼԱՆԻԱ. Անտառ գնաց, երևի շուտով կգա։
ՀՄԱՅԱԿ. (Նստում է բազկաթոռի վրա, գլխարկն ու թուղթը դնելով մի կողմը): Ես կսպասեմ նրան։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ասացեք մեծ տիկնոջը, որ ես այստեղ եմ։
ՄԵԼԱՆԻԱ. Լա՛վ։ (Գնում է ձախ կողմի առաջին դռներով):
ՏԵՍԻԼ 3
ՍԻՐԱՆՈՒՅՇ ԵՎ ՀՄԱՅԱԿ
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Հեգնաբար, սրտմտությամբ): Կարծեմ դու կարող էիր պարոն Սամսոնին սպասել իր սենյակում։
ՀՄԱՅԱԿ. (Ծխախոտ է վառում): Ինչո՞ւ ոչ այստեղ։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Նույն եղանակով): Որովհետև գործով ես եկել։ (Գործով բառը շեշտում է առանձին հեգնությամբ):
ՀՄԱՅԱԿ. (Խոր հանդիմանական եղանակով): Սիրանո՜ւյշ։
ՍԻՐԱՆՈԻՅՇ. (Ավելի գրգռված): Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ո՞վ կարող էր երևակայել։
ՀՄԱՅԱԿ. (Վրդովվելով): Եթե սկսում ես, ես կհեռանամ։ (Վեր է կենում):
ՍԻՐԱՆՈԻՅՇ. Ավելի լավ կանես, որ իսկի ոտ չդնես այս տունը։