վրա, շոյեր իր թևերով իմ հոգնած ճակատը և մոռացնել տար կյանքի սպանիչ ձանձրույթը։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Հեգնաբար): Մի՞թե:
ՀՄԱՅԱԿ. Եվ ի՞նչ եմ տեսել փոխարենը։ Ունքերը կիտած, շրթունքները սեղմած մի դեմք, խորասուզված իր մանր-մունր հաշիվների մեջ։ Ինձ տեսնելով, առանց տեղիցդ շարժվելու, հայտնել ես քո ուրախությունը, որ այսինչ ակցիաներում վաստակել ես այսքան, այնինչ տոկոսաբեր թղթի արժեքը բարձրացել է։ Դու եղել ես քո հոր կատարելատիպը, հրճվել ես քո վաստակով, ուրիշների կորստով։ Դու եղել ես ամեն ինչ, բացի այն, ինչ որ իմ հոգին է փափագել։ Քո արդուզարդը ավելի է հետաքրքրել քեզ, քան իմ ներքին աշխարհը։ Մի շքեղ գլխարկով ավելի ես գրավվել, քան իմ զգացումների ամբողջ թափով: Եվ դու համարվել ես խելոք կին, օրինակելի ամուսին, և ամենքը նախանձել են ինձ։ Մինչդեռ ես չեմ իմացել գլուխս ուր թաքցնեմ զայրույթից, ձանձրույթից և... ամոթից։ (Անցնում է բեմի խորքը):
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Լռի՛ր, լռի՛ր, դու ցնորվել ես, դու ինքդ չգիտես ինչ ես ասում, բայց սպասի՛ր, ես քեզ հետ տանը կնստեմ հաշվի։ Այստեղ ամոթ է, դու խայտառակում ես ինձ և քեզ...
ՏԵՍԻԼ 4
ՆՈԻՅՆՔ և ԵՂԻՍԱԲԵԹ
ԵՂԻՍԱԲԵԹ. (Գալիս է ձախ կողմի առաջին դռներով: Հագնված է դարձյալ նույն տեսակ): Ծառաների համար ամսական թեյ ու շաքար էի կշռում, ի՞նչ անեմ, ամբողջ տունն ինձ վրա է։ (Սիրանույշին բարևում է սիրալիր, Հմայակին տեսնելով, աչքունքը թթվեցնում է: Հազիվ գլխի թեթև շարժումով պատասխանում է նրա բարևին): Որդիս գնաց իր սենյակը։
ՀՄԱՅԱԿ. Շնորհակալ եմ։ (Վերցնելով գլխարկն ու թերթերը, դնում է աջ կողմի առաջին դռներով):