ԱՐՄԵՆՈՒՀԻ. Գնացե՛ք, բերե՛ք, դաշնամուրը բաց արեք։
ՄԵԼԱՆԻԱ. (Քայլերն ուղղում ՝ դեպի ձախ կողմի երկրորդ դռները, բայց Եղիսաբեթին տեսնելով, կանգ է առնում):
ԵՂԻՍԱԲԵԹ. Խայտառակվեցինք օտարների մոտ։ (Վիրգինեին): Այն կինն իմ սենյակումն է։ Գնա, նրան ճանապարհ դիր մյուս դռներով, որ դրա ձայնը չլսի։
ՎԻՐԳԻՆԵ. (Շտապով գնում է ձախ կողմի երկրորդ դռներով և քիչ անցած ետ է գալիս):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Մելանիային): Բա՛ց արեք, ասում եմ, դաշնամուրը։
ԵՂԻՍԱԲԵԹ. Թող մարդդ հրամայի, բաց կանենք։ (Մելանիային): Կորի՛ր, այստեղից։
ՄԵԼԱՆԻԱ. (Շտապով գնում է ձախ կողմի աոաջին դռներով):
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Շատ լավ, թող այդպես լինի։ Ես ձեզանից դեռ ավելին եմ սպասում։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հանգստացի՛ր, զավակս, դաշնամուրն ի՞նչ է, որ նրա համար արյունդ պղտորում ես։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ա՛հ, դաշնամուրը չէ գլխավորը, հայրիկ, այլ դրանց նպատակը։ (Եղիսաբեթին): Բարբարոսնե՜ր, ես տարել եմ ձեր բոլոր հալածանքները, բայց այդ մեկը տանել չեմ կարող։ Վախից չէ, որ լռել եմ մինչև այսօր, այլ ամոթից։ Դուք թունավորել եք իմ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը ձեր անտեղի կասկածներով. դուք հետևել եք իմ ամեն մի քայլին։ Եվ ի՞նչ է եղել ձեր նպատակը։ Կոտրել իմ կամքը, դարձնել ինձ ստրուկ տնտեսական չնչին պարտականություններին և ձեր հնամաշ ավանդություններին։
ԵՂԻՍԱԲԵԹ. Ինչե՜ր է ասում, աստված իմ, ինչե՜ր է ասում։
ՍԱՄՍՈՆ. Թող ասի, մայրիկ, թող ասի։
ՎԻՐԳԻՆԵ. Հարբած է կամ խելագարվել է։
ՍՏԵՓԱՆ. (Վրդովված, Վիրգինեին): Դու մի՛ խառնվիր, ի սեր աստծո։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Խելագարվե՜լ։ Ո՞վ չէր խելագարվիլ ձեր երկուսի ձեռքում։ Մայր ու աղջիկ՝ դուք աշխատել եք ամեն իրավունք բանեցնել իմ վրա։ Մանկությունից սովոր ազատ