Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեռ չեք հասել այդ աշխարհը, այլապես կշտապեիք վայելել այն։


ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Ծառը ուրախ, զվարթ ու գեղեցիկ է իր ծաղիկներով ու կոկոններով, իսկ երբ նա բեռնավորվում է պտուղներով, թեքվում է դեպի երկիր և տառապում։ Հեռու լինենք երկրից, Հմայակ, և բարձր պահենք մեր
զգացումները։

ՀՄԱՅԱԿ ․ Ա՞յդ է ուրեմն ձեր վերջին խոսքը։

ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Առայժմ, այո՛․ ապագայի մասին պատասխանատու չեմ։

ՀՄԱՅԱԿ․ Եվ պիտի բաժանվենք, չմիացա՞ծ։

ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Պիտի բաժանվենք, հոգով ավելի ամուր կապվելու համար։

ՀՄԱՅԱԿ․ (Տառապանքով): Ա՛հ, որքան միամիտ էի ես, որ երևակայում էի մի նոր կյանք, որքա՜ն խաբված, որ մի կտրված ծաղիկ չի կարելի մի ուրիշ բունի վրա հաստատել։

ԱՐՄԵՆՈԻՀԻ․ (Փաղաքշանքով): Մի՛ վշտանաք, այդ կրկնապատկում է իմ տառապանքը։ Մի՛ պահանջեք անկարելին, մենք միայն մեր սեփական կյանքերի վրա ունինք իրավունք և ոչ ուրիշների բախտավորության ու պատվի։ Հեռացե՛ք, նա ամեն վայրկյան կարող է գալ։ Ես չեմ ուզում ձեզ վտանգի ենթարկել։ Նա ատրճանակ ունի իր գրպանում։

ՀՄԱՅԱԿ․ Աղավաղում եք ձեր սքանչելի բնույթը, որ այնքան համարձակ է և անկեղծ։ Փոքրիկից սարսափելով, դուք ուզում եք գործել մի մեծ հանցանք։ Ձեր զավակը կունենա հայր, իմ զավակները կունենան մայր, իսկ մեր սերը կմնա կատարյալ որբ, լքված, անիծված։

ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Ո՛չ, նա միայն կմնա անապական և սուրբ։

ՀՄԱՅԱԿ. Սերը սիրահարների միությամբ երբեք չի կարող ապականվել։ Այն միայն կկործանի ձեզ և ինձ, եթե չմիանանք։ Մի՛ լինիք երկչոտ, եղեք բարձր ամբոխի բարոյական մակերևույթից։ Արծիվը չի կարող և չպիտի ապրե հավաբնում։