Նրա երկայն ու թանձր մազերը հեղեղել էին նրա կիսամերկ մարմինը, հարուստ ու ճերմակ ստինքը ալեկոծվում էր մարմնի գալարումներից։
— Ալբերտ, Ալբերտ, ո՞ւր ես, ազատիր ինձ,— գոռում էր նա գլուխը հատակին զարնելով։
Ոչ հեռու կանգնած էր մի պառավ կին և, ալեխառն մազերը փետելով, լալիս էր։
— Այդ ի՞նչ է, մայրիկ, ի՞նչ է պատահել,— դիմեցի ես նրան։
— Հիվանդ է,— գոչեց պառավը, ձեռները ուժգին զարկելով իր գլխին։
Մեկը երկու տղամարդերից գոռաց․
— Ձեզ չի վերաբերում, գնացեք ձեր սենյակը։
Եվ այս ասելով, նա մյուս տղամարդի օգնությամբ բարձրացրեց երիտասարդ կնոջն ու հատակի վրա քաշքշելով տարավ իմ սենյակին կից սենյակը։
Ես վերադարձա իմ սենյակը, պառկեցի և բնականաբար այլևս չկարողացա քնել։ Հետաքրքրությունս ծայրահեղ էր․ ի՞նչ էր նշանակում այդ տարօրինակ տեսարանը։ Թվում էր ինձ, որ կից սենյակում կատարվում է մի սոսկալի դրամա։
Հետևյալ օրը մինչև երեկո օրիորդ Ս․ Պ․-ն, հակառակ իր սովորության, չեկավ ինձ մոտ։ Երեկոյան նա եկավ տխուր դեմքով և ասաց․
— Խնդրում եմ քնելուց առաջ գիշերները բանալիով կողպեք ձեր սենյակի դուռը։
— Բայց երեկ գիշեր այդ ի՞նչ էր, օրիորդ,— հարցրի ես։
— Ոչինչ, ոչինչ,— պատասխանեց նա գրգռված և դուրս գնաց։
Գաղտնիքն իմացա նրա ընկերուհիներից երրորդ օրը։ Ուշ գիշերը սենյակս մտնող կինը օրիորդ Ս․ Պ․-ի ավագ քույրն էր, նույնպես օրիորդ։ Պառավը նրա մայրն էր, իսկ տղամարդիկ—եղբայրները։ Օրիորդը հոգեկան հիվանդ էր․ հիվանդության պատճառը մի անհաջող ռոման էր։ Մի քանի տարի առաջ նա սիրահարվում է ինչ-որ հայ ուսուցչի վրա։