Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարեբախտաբար, այդ օրերին Ներսես Աբելյանը Թիֆլիսումն էր․ դիմեցի նրա օգնությանը։

— Քո երևակայությունը վերջ ի վերջո քո գլխին մի փորձանք պիտի բերի,— ասաց Աբելյանը ծիծաղելով, երբ լսեց պատմածս։— Գնանք։

Եկանք Ռոզալիա Սեմյոնովնայի մոտ։ Ես լռեցի, խոսեց Աբելյանր։ Երբեք նա այնքան պերճախոս չէր եղել, որքան այդ օրը։ Կես ժամվա ընթացքում նա փաստերով ապացուցեց իմ անմեղությունը կատարված եղելության մեջ, մեղմացրեց Ռոզալիա Սեմյոնովնայի կատաղությունը, մի խոսքով՝ վերականգնվեց իմ վարկը, և ես նորեն տիրացա իմ սենյակին։

Մի ամիս չանցած՝ գեղեցիկ հարևանուհիս, որ, ինչպես պարզվեց, մի վրացի իշխանի սիրուհի էր, ամուսնացավ նույն տանը կենող մի սպասավորի հետ։ Ի պատիվ տանտիրուհուն՝ Աբելյանը եղավ խաչեղբայր, իսկ ես պարեցի Ռոզալիա Սեմյոնովնայի հետ։

IX

ՐԱ&ՖԻ

Ժամանակը մեզ բարեկամացրեց։ Ես Րաֆֆիի մոտ լինում էի ամիսը մեկ, երկու անգամ, իսկ հանդիպում էինք իրարու գրեթե ամեն օր։ Նա սովորություն ուներ ճաշից հետո իրիկնադեմին զբոսնել Գոլովինսկի պրոսպեկտի վրա։ Նրա սովորական ուղեկիցներն էին, բացի ինձանից, Ներսես Աբելյանն ու Ստեփան Զելինսկին[1]։

Զբոսանքից հետո Րաֆֆին հաճախ մեզ հրավիրում էր իր մոտ թեյի։ Նա տակավին առանձնակի էր ապրում։ Նրա

  1. Իր ժամանակի հայտնի կովկասագետ, անունով ռուս, ազգով հայ։ Պատմում էին, որ այդ վերին աստիճանի համակրելի մարդու հայրը — չգիտեմ ինչ պատճառով, կռվելով հայ հոգևորականության հետ, իր նորածին զավակին մկրտում է ռուս քահանայի ձեռքով, և երեխան էլ կնքահոր ազգանունն է ստանում։