Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անթափանցելի խավար էր, ուր կարող էր խեղդամահ լինել նույնիսկ իմնից շատ պակաս զգայուն հոգին։ Ես ունեի մի մայր, որ հեզության տիպարն էր, մի զմայլելի գեղեցկուհի, որ ծնվել էր ճակատագրի հալածանքը լռությամբ կրելու համար։ Եվ մի հայր, որ որքան արտաքուստ դաժան էր, նույնքան բարի էր իր հոգու խորքում։ Որպես զավակ ես սիրված ու փայփայված էի, հետևաբար նրանց վերաբերմամբ ես գանգատ չունեմ։ Իմ մանկական և պատանեկան տվայտանքների աղբյուրը միջավայրն էր, մթնոլորտը, որ ես շնչում էի, և այն, ինչ որ տեսնում ու լսում էի ոչ միայն դրսերում, այլև տանը։ Ծնողներիս հոգեկան հանգստությունը խափանված էր հորեղբորս ժպիրհ բնույթով և անզուսպ վարք ու բարքով։ Այդ մարդը մեր գերդաստանի չար ոգին էր, մի անվերջ սպառնալիք իր մերձավորների համար։ Որքան հայրս աշխատասեր էր, ժուժկալ, ամոթխած և հավատարիմ նամուսի պահանջներին, նույնքան նրա կրտսեր եղբայրը խռովարար էր և ենթակա իր անձնական կրքերին։ Ատելով աշխատանքը, նա սիրում էր վայելել կյանքի հաճույքները, որ նրա համար ամփոփված էին թղթախաղի, հարբեցողության և իգամոլության մեջ։ Գրեթե օր չէր անցնում, որ ես չտեսնեի նրա գժտությունը հորս հետ կամ չլսեի նրա անիրավ պահանջները և փողոցային հայհոյանքները։ Նա անարգում էր ոչ միայն իր ավագ եղբորը, այլև նրա անմեղ կնոջը, իմ սիրեցյալ մորը։ Քանի՜-քանի անգամ երկու եղբայրների կռիվների ժամանակ իմ մեջ միտք է հղացել հորս պաշտպանելու համար հարձակվել կատաղած կատվի պես նրա խռովարար եղբոր վրա և եղունգներով դուրս գջլել նրա արյունալի աչքերը։ Բայց տատս պաշտպանում էր իր անզուսպ որդուն, իսկ ես սիրում էի տատիս իմ մատաղ հոգու ամբողջ զորությամբ։ Խե՜ղճ պառավ. հիշում եմ քո դառն արցունքները և կսկծալի ճիչերը, երբ կրտսեր որդիդ բռնում էր մեծ որդուդ կոկորդը և, բռունցքը բարձրացնելով, գոռում էր.

«Փող տուր, թե չէ շանսատակ կանեմ»։

Հայրս հասակով կես արշին բարձր էր իր եղբորից և կրկնակի ուժեղ։ Եթե կամենար, մի հարվածով կարող էր նրան գետին տապալել, բայց նա այդ չէր անում․ նա թե