Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմացա շատ ուշ, սրանից մի քանի տարի առաջ Փարիզում։ Հայտնի պարսկահայ վաճառական Թումանյան եղբայրներից մեկը բացատրեց ինձ։ «Հարեմ»-ը լույս տեսնելուց հետո Րաֆֆիի դրությունը դառնում է վտանգավոր։ Նա պիտի կամ սպանվեր, կամ առնվազը ձերբակալվեր։ Նա ինքն այդ չի զգում, բայց Թումանյանները գիտեն, և մի գիշեր մեկը նրանցից գալիս է Րաֆֆիի տունը, զարթեցնում է, ուժով կառք է նստեցնում և իր ծառաների ձեռքով փախցնում է պարսկական սահմաններից դուրս։

Րաֆֆին իր անձնական պետքերի վերաբերմամբ խստապահանջ չէր։ Սակավապետ էր ծայր աստիճան։ Ճաշում էր նա միջօրեի մեկ ժամին «Մինգրելիա» անունով մի էժանագին ճաշարանում, որ գտնվում էր Սիոնի փողոցի վրա, վրաց տաճարի դեմ։ Դա նրա գրեթե միակ սնունդն էր ամբողջ օրվա համար։ Վճարում էր նա ճաշին 25 կոպեկ։

Միակ նրա շռայլությունը թեյն ու մրգերն էին։ Գիշերը մինչև 2-3, երբեմն չորս ժամ պարապելով, նա անընդհատ թանձր թեյ էր խմում ու ծխում։ Ծաղիկները բավական մեծ ծանրություն էին նրա գրպանի համար, որովհետև շարունակ գնում էր նորերը։


Գրաքննիչը թույլատրեց «Կայծեր»-ի երկրորդ հատորի տպագրությունը։ Այդ օրը Րաֆֆիի համար կատարյալ տոն էր, ուրախությունն անսահման, թեև նրա մշտամռայլ դեմքից այդ դժվար էր գուշակել։ Մնում էր հոգալ տպագրական ծախքերը։ Այնինչ Ալեքսանդր Մելիք-Հայկազյանից դեռ լուր չկար։ Րաֆֆին սկսեց ներվայնանալ։ Նա ոչինչ չէր ասում, բայց ես զգում էի այդ։ Մի օր հանկարծ լսեցի, որ Րաֆֆին իր բարեկամ Գաբրիել Միրզոյանցի հետ գնացել է Բաթում։ Րաֆֆին չափազանց գաղտնապահ էր իր մասնավոր գործերի վերաբերմամբ, բայց ես գիտեի, որ նա գնացել է Մելիք-Հայկազյանից խնդրելու տպագրության ծախքերը։ Նա կարծել էր, որ Միրզոյանցն էլ նույն գործի համար է գնում, որպեսզի իր միջամտությամբ օգնե իր բարեկամին։ Բաթումում պարզվում է, որ Միրզոյանցն իր սեփական գործի համար է