Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ուրախ, նա միշտ ներփակված էր իր մեջ։ Պատմեմ մի դեպք, որ բնորոշ է։

Մի անգամ կենսախինդ Ղազարոս Աղայանն ասաց.

— Այ տղա, արի մի օր հավաքվենք, գնանք Օրթաճալա մի քիչ քեֆ անելու։

Ամենքս համաձայնվեցինք, համոզեցինք և Րաֆֆիին։ Մոտ քսան հոգի էինք։ Մի քանի ժամ կերանք, խմեցինք, զուռնա ու դուդուկ լսեցինք, որը մեզնից երգեց, որը պարեց, որը պարզիպարզո հարբեց Քուռ գետի ափին, մի սքանչելի ծառուղու վրա։ Րաֆֆին տեղից անգամ չշարժվեց։ Ճաշկերույթի սկզբից մինչև վերջը մնաց նստած միևնույն տեղում, միևնույն դիրքում, գդակը գլխին, վերարկուն հագած, ձեռնափայտը ձեռքին։ Նա շարունակ ժպտում էր, երբեմն արտասանելով հատ-հատ դարձվածքներ, սրախոսության մոտիկ բաներ։

Հետևյալ օրը փողոցում, հանդիպելով ինձ, նա ասաց․

— Պարոն Շիրվանզադե, երեկ շատ լավ քեֆ արինք։

— Այո,— հեգնեցի ես,— մանավանդ դուք։

— Ճիշտ է, երեկ ես շատ ուրախ տրամադրության մեջ էի։

Արդեն մի քանի տարի էր Րաֆֆիի գրական գործունեության քսանհնգամյակը լրացել էր։ Հարգողների մի խումբ փափագում էր տոնել նրա հոբելյանը, բայց երկյուղ կար, որ կառավարությունը թույլ չի տալ։ Գավառներից գալիս էին համակրական նամակներ։ Րաֆֆիի հակառակորդները, գլխավորապես «Մեղու Հայաստանի» լրագիրը և Րաֆֆիի գործերի քննադատ Հայկունին (ապագայում Եղիշե քահանա Գեղամյան) ամեն կերպ ուզում էին խանգարել։ Ճիշտ այդ ժամանակ Հայկունին քննադատում էր «Կայծեր»-ը։ Չեմ կարող ասել, որ վերլուծման մեջ չկային իրավացի դիտողություններ, բայց Հայկունին թույլ էր տալիս իրան քննադատությունից դուրս նենգամիտ արտահայտություններ Րաֆֆիի քաղաքական աշխարհայեցողության վերաբերմամբ, աշխատելով վիպասանին կասկածելի դարձնել կառավարության աչքում։ Օրինակ՝ նա Րաֆֆիի ազգայնական հերոսներին համեմատում էր ռուս հեղափոխական տեռորիստ Ժելյաբովի,