Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Րաֆֆին, վերջապես, համաձայնվեց գրել «Արձագանք»-ում։ Այդ ժամանակ ես «Արձագանք»-ի քարտուղարն ու գլխավոր աշխատակիցն էի։

— Համոզեցեք այդ մարդուն,— ասաց Հովհաննիսյանը,— որ ձեռք վերցնի միտումավոր ուղղությունից և գրի կենսական վեպեր, գլխավորապես փոքրիկ պատմվածքներ։

Ես հարկավ ուղղության մասին ոչինչ չասացի Րաֆֆիին,միայն խնդրեցի սկզբում տալ փոքր երկեր, աչքի առաջ ունենալով շաբաթաթերթի ծավալը։

— Շատ լավ,— ասաց նա,— սկզբում կտամ մի քանի պատմվածքներ, իսկ հետո մի խոշոր պատպատմական վեպ՝ «Սամվել» անունով։

Րաֆֆին գրեց «Խազ-փուշը» և մի ուրիշ պատմվածք, որի վերնագիրը մոռացել եմ, բայց հիշում եմ, որ նյութը Կ․-Պոլսի հայ բեռնակիրների կյանքից էր։ Նա Կ․-Պոլիսը չէր տեսել, բայց ի՛նչ հոգ նրա երևակայությանը։ Ես կարծում էի, որ պատմվածքը կլինի երկու կամ առավելը երեք համարի նյութ։ Սխալվեցի․ ամեն երկուշաբթի Րաֆֆին ձեռագիրը բերում էր՝ տակը գրած «կշարունակվի»։

— Մինչև ե՞րբ,— հարցնում էր ինձ խմբագիրն ամեն անգամ։

— Մինչև ե՞րբ,— հարցնում էի ես Րաֆֆիին։

— Եղբայր,— ասաց նա մի օր, իմ հարցից վշտանալով,— չէ որ գործը պիտի կոլորացնել։

Այդ «կոլորացումը», որ Աբգար Հովհաննիսյանին տվեց մի հակացենզուրական սրախոսության նյութ, տևեց ինը շաբաթ։

Սկսվեց «Սամվել» վեպի տպագրությունը։ Վեպն ամբողջովին պատրաստ չէր։ Րաֆֆին իր նախկին սովորությամբ գրում էր հետզհետե և ուղարկում էր տպարան։ Այդպես է գրել նա «Դավիթ Բեկ»-ը, «Խաչագողի հիշատակարան»-ը «Մշակի»-ի համար։

Ամիսներ անցան «Սամվել»-ը չէր վերջանում։

Հովհաննիսյանը նորից սկսեց բողոքել․

— Այդ մարդն ինձ քանդելու է տողավարձով։

Տողավարձն էր չորս կոպեկ։