Հետո Աղայանն ինձ շարունակ կշտամբում էր․
— Այ տղա, չթողիր ինձ, որ այդ խաչագողին ջարդուփշուր անեմ։
Աղայանն, իհարկե, կարող էր ջարդուփշուր անել միայն իր վիթխարի մարմնով և ոչ գրչով։
Րաֆֆին նրան կտապալեր, ինչպես Դավիթը Գողիաթին։
Րաֆֆիի ընտանիքը Պարսկաստանից եկավ։ Նա նոր, ավելի ընդարձակ բնակարան վարձեց, այս անգամ քաղաքի գրեթե ծայրում, մի նեղ ու անսալահատակ փողոցի վրա, որի բնակիչները մեծ մասամբ չքավորներ էին։ Բարեկամները, որոնց թվում և ես, այլևս հաճախ չէինք գնում նրա մոտ, իսկ դրսում հանդիպում էինք գրեթե ամեն օր։
Մի անգամ Րաֆֆիին տեսա հոգեպես արտաքո կարգի ընկճված։ Նա ասաց.
— Էհ, ձանձրացել եմ կյանքից։
Տարօրինակ էին այդ խոսքերը Րաֆֆիի նման զորեղ բնույթի բերնում։ Ինչ էր պատահել՝ Րաֆֆին չասաց։
— Հոգնել եք, պարոն Րաֆֆի,— ասացի ես,— եթե մի թեթև ճանապարհորդություն կատարեք, կկազդուրվեք։
— Ես էլ եմ մտածում այդ մասին,— բայց ի՞նչ միջոցներով ճամփորդեմ. կին, երկու զավակ, պառավ մայր, չքավոր եղբայրներ, ինը քույր...
Ընտանիքը գալուց հետո Րաֆֆին առհասարակ նախկինը չէր։ Առանց այն էլ սակավախոս, այժմ մարդը փակել էր իր հոգու դռները և խորասուզվել իր մտքերի մեջ։ Նա չէր էլ աշխատում առաջվա թափով, և մենք, նրա բարեկամները հազար ու մի ենթադրություններ էինք անում ու չէինք կարողանում հասկանալ՝ ինչ է պատահել այդ մարդուն։ Այնինչ թշնամիները շարունակում էին հալածել, նախանձելով նրա օր-օրի վրա ավելացող ժողովրդականությանը։ Սակայն Րաֆֆին այլևս ուշադրություն չէր դարձնում նրանց վրա: Նրա վրդովմունքը փոխվել էր արհամարհանքի, որ ավելի զորավոր զենք է, քան առաջինը։ Եվ որքան նա արհամարհում էր, այնքան թշնամիները ավելի էին կատաղում։ Դա նրանց ապիկարության ապացույցն էր։
Գարնանը, 1888 թվականին, Րաֆֆին հիվանդացավ։