Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Րաֆֆին այլևս չկար։ Դադարել էր բաբախել նրա զգայուն սիրտը։

Րաֆֆիի թաղումն առաջին համաժողովրդականը եղավ։

Մինչև այդ օրը նման համայնական սուգ չէր եղել։ ԱրծրուՆու թաղումը Րաֆֆիի թաղման ընդօրինակումն էր։ Այդ օրից էր, որ օտարներն ասում էին․

— Հայերը գիտեն վատ պահել իրենց գործիչներին և լավ թաղել։

Ոչ ոք չէր սպասում այդպիսի փառահեղ հուղարկավորություն։ Րաֆֆիի հարևաններն ապշած էին։

— Ո՞վ էր այդ մարդը,— հարցնում էին իրարու։

Արդարև, զարմանալի երևույթ։ Քաղաքի չքավոր արվարձաններից մեկում ապրում էր մի փոքրահասակ մարդ, համեստ կերպարանքով, պարզ ու հասարակ հագուստով։ նա ամեն օր դուրս էր գալիս տնից գլուխը թեքած կրծքին, հաստ ձեռնափայտը առջևը բռնած և վերադառնում էր մրգեղենի թղթյա տոպրակը կռնատակին։ Մեծության կամ տարօրինակության ոչ մի արտաքին նշան չուներ այդ մարդը, բացի ծայրահեղ համեստությունից։ Եվ ահա հանկարծ նա մեռնում է, և գրեթե ամբողջ քաղաքը ոտքի է ելել։ Եկել էին Թիֆլիսի բոլոր համքարություններն իրենց գույնզգույն մետաքսյա դրոշակներով։ Խմբվել էին տան առջև քաղաքի բոլոր դպրոցների հայ աշակերտներն իրենց ուսուցիչների հետ։ Ներկա էր ամբողջ հոգևորականությունը սևագլուխ եպիսկոպոսներով ու վարդապետներով։ Ներկա էին բոլոր հայ և օտար լրագրերի խմբագրությունները, բոլորը, ով որևէ առընչություն ունի գրականության կամ մամուլի հետ։ Եկել էր հայ բանվոր դասակարգը, թուրքահայ գաղթականները և հազարավոր տիկիններ, Օրիորդներ, չնայելով հորդառատ անձրևին։

Թաղման հանձնախումբն ինձ խնդրեց գնալ Գրիգոր Արծրունուն համոզել, որ ներկա լինի հուղարկավորությանը։ Դյուրին գործ չէր այդ կամակոր մարդուն համոզելը, այնուամենայնիվ, ես հանձն առա ու գնացի։ Մտա նրա անշուք բնակարանը, որ միևնույն ժամանակ և « Մշակ»-ի խմբագրությունն էր։ Աշխատակիցներից ներկա էր միայն Խաչատուր