Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմքը դրեց։ Բայց վիպասան էր ոչ այն իմաստով, որ ես եմ ըմբռնում։ Եթե հայ գրականության մեջ կան խոշոր վեպեր, որ ես կարդացել եմ առանց ձանձրույթի, դա «Վերք Հայաստանի»-ից հետո միայն և միմիայն Րшֆֆիի գործերն են... Մյուս մեծ վեպերը, գրողների երկերը կարդացել եմ ձանձրույթով կամ չեմ կարողացել մինչև վերջը կարդալ...

x

ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ։ ԱԲԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Թիֆլիս տեղափոխվելով, ես պատահմամբ ընկա հեղափոխական ոգով տոգորված մի շրջան։ Նա բաղկացած էր համալսարանական քաղաքներից եկած ուսանողներից, տեղական միջնակարգ դպրոցների նորավարտ ուսանողներից և ուսանողուհիներից։ Ինձ համար այդ շրջանը համակրելի էր միջազգային բնույթով, բարոյական աշխարհայեցողությամբ և հոգեկան պահանջներով։ Այդտեղ պարզությունն ու անկեղծությունը յուրաքանչյուրի համար պարտավորական էին։

Միջավայրի առանցքն էր իր ժամանակին հայտնի նարոդնիկ Իգնատիյ Յոսսելիանին։ Բարձրահասակ, նիհար, ժամանակից առաջ ճերմակող մազերով մի վրացի, որ ինձ հիշեցնում էր Միրզա Սերոբին, թեև ոչ նրա չափ ներվային և ոչ էլ այնքան սրամիտ ու սրախոս։ Նա էր ղեկավարում շրջանը, վայելելով հավասարապես թե՛ վրացի և թե՛ հայ երիտասարդության սերն ու հարգանքը։ Ժողովվում էինք նրա մոտ շաբաթը մի քանի անգամ, կարդում էինք, վիճաբանում ժամերով, խափանելով բարի տանտիրոջ պառավ մոր նիրհը։ Երանելի՜ մայր։ Միտս է. մի օր անսպասելի մտնելով Իգնատիյի սենյակը, տեսա նրան երեսունվեց տարեկան որդու գլուխը ծնկների վրա դրած, շփում էր նրա ալեխառն մազերը։ Մուրիլլոյի վրձինին արժանի պատկեր...

Սովորաբար կարդում էր ժողովականներից մեկը, մյուսները լսում էին։ Իսկ կարդացվում էին, իհարկե, արգելված գրքեր և պարբերական հրատարակություններ, բոլորը, ինչ