Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոտաբոբիկ, կիսամերկ, բայց շալի մեջ փաթաթված։ Զգացի, որ երկրաշարժ չէ, այլ մի ուրիշ աղետ։

Չորս անծանոթ մարդ իրանց ուսերի վրա բերում էին հորեղբորս անշունչ մարմինը, որի զանազան մասերից արյունը հոսում էր աղբյուրի պես, ինչպես հարյուր տեղից վիրավորված մի ցուլից։

— Աման, բալիս սպանել են,— աղաղակեց տատս մի տարօրինակ ձայնով, որ ինձ թվաց ոչ մարդկային։

— Սպանված չէ, Ծաղիկ բաջի, մի վախենար,— ասացին չորս անծանոթները միաբերան և հորեղբորս մարմինը տարան հորս սենյակը և դրեցին հատակի վրա։

— Թող ձեզանից մեկը վազի ուստա Պետրոսին կանչելու,— ասաց հայրս։

Չորսից մեկը անմիջապես վազեց փողոց՝ քաղաքի միակ և նշանավոր վիրաբույժին կանչելու։ Մյուսները պատմեցին եղելությունը, աշխատելով ուշքի բերել հորեղբորս։ Պատահել էր հետևյալը։ Հորեղբայրս, մի գինետնից հարբած դուրս գալով, հանդիպում է իր մեծ քրոջ որդուն, որ գրեթե նրա հասակակիցն էր։ Չգիտեմ ինչ պատճառով, նրանք վաղուց ատում էին իրարու։ Նրանք կռվում են, հորեղբայրս չարաչար ծեծում է իր քեռորդուն, տապալելով նրան գետին, ապա քայլերը նորեն ուղղում է գինետուն։ Քեռորդին վազում է տուն, վերցնում է իր դաշույնը, վերադառնում է և, ետևից հարձակվելով իր քեռու վրա, յոթ տեղից վիրավորում է նրան։

— Անիծվի նրա ծնունդը, անիծվի,— գոռաց տատս,— ես նրա մոր արգանդը դանակով կպատռեմ։

Եկավ վիրաբույժը, կապեց հորեղբորս վերքերը։ Ուշքի գալով, նա, չգիտեմ ինչ մեղքի համար, մի քանի անգամ հայհոյեց հորս։ Մի բան, որի պատճառով ես հոգուս խորքում նրան մահ ցանկացա։

Մոտ երկու ամիս մարդը տառապեց անկողնում։ Տատս նրա քովից չէր հեռանում և ամբողջ խնամքն իր վրա էր վերցրել։ Նա այժմ ավելի հանգիստ էր, քան աղետը պատահելուց առաջ, ինչպես հիվանդն անխուսափելի անդամահատությունից