անսալահատակ և ծայր աստիճան կեղտոտ փողոցներից մեկով, հանկարծ մի առվի մեջ տեսա մի կեղտոտ մանուկ։ Նա ընկել էր ջուրը և թպրտում էր մորթված վառյակի պես։ Շտապեցի նրան դուրս բերել առվից և, ոտներից բռնելով, գլխիվայր պահեցի մի քանի րոպե, որպեսզի ջուրը բերնից դուրս թափվի։ Երեխան, որ երկու տարեկան էր և գնչու մանկան էր նման իր պղնձագույն դեմքով և խորն ընկած փոքրիկ կլոր աչքերով, ուշքի եկավ։ Ես գրկեցի նրան, մոտեցա մի խանութի ու հարցրի.
- Այս մանուկն ու՞մն է։
- Բա՜ա, - գոչեց խանութպանը, - դա հո մեր վարժապետի տղան է։
Նա ցույց տվեց ինձ մի անշուք տնակ, ասելով, որ այնտեղ են բնակվում երեխայի ծնողները։ Ես սևամորթ մանկանը գրկած տարա այնտեղ, դռները զարկեցի։ Տնակից դուրս եկավ մոտ 25—26 տարեկան մի երիտասարդ, շատ թուխ երեսով, շատ սև մազերով ու մորուքով և խորը նստած կլորիկ աչքերով։
- Այս երեխան ձե՞րն է- հարցրի ես։
- Այո, - պատասխանեց երիտասարդը, մանկանն իր գիրկն առնելով, - փուչ կենդանի, այդ ո՞րտեղ ես այդպես թրջվել։
Երեխան ճղճղաց որսված առնետի պես։ Ես պատասխանեցի.
- Առվի մեջ։
- Առվի մե՞ջ, - կրկնեց երիտասարդը,- բայց նա կարող էր այնտեղ խեղդվել, նման դեպքեր եղել են, շնորհակալ եմ, դուք ազատել եք իմ Վարդգեսին։ ներեցեք, դուք Շիրվանզադեն չե՞ք արդյոք,- ավելացրեց նա հանկարծ։
- Այո։
- Շատ ուրախ եմ տեսնել, լսել էինք, որ պիտի գաք մեր կողմերը։ Թույլ տվեք ներկայանալ - Ավետիք Ահարոնյան, ուսուցիչ։
Այդ ժամանակ Ավետիք Ահարոնյանի անունը որպես գրողի ասպարեզի վրա չկար, գոնե ես ոչ կարդացել էի ոչ էլ լսել էի նրա մասին։