Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարզ էր, որ նրանք չեն հանդուրժում Արծրունու ներկայությունը, բայց չէին համարձակվում արտահայտել իրանց ատելությունը։

Ինքն Արծրունին, հիշելով այդ ժամանակները, ասում էր.

— Րաֆֆին այդ հասարակության մեջ երբեք չէր խոսում, այլ միայն դիտում էր և ուսումնասիրում։ Իմ տեսած Արծրունին ընկերային մարդ չէր, ուզում եմ ասել, ոչ մի ընկերական շրջան չէր այցելում։ Իր կալվածքից զրկվելուց հետո Զվիցերիա գնալով և մի տարի անցած վերադառնալով՝ նա կենում էր Թիֆլիսի նեղ ու կեղտոտ փողոցներից մեկում մի հնաշեն տան մեջ։ Նրա անշուք բնակարանը բաղկացած էր՝ չեմ հիշում՝ չորս թե հինգ սենյակներից, նրանց մի մասը խմբագրատունն էր բռնել։ Մութ ու խոնավ սենյակներ էիՆ, ուր անընդհատ լսվում էին մերձակա շուկայի աղմուկները։ Ցավալի էր տեսնել մարդուն նախկին պալատանման բնակարանից հետո այդ նկուղանման կացարանում, բայց Արծրունին չէր տրտնջում և միշտ ասում էր.

— Թող հայ ժողովուրդը «Մշակ»-ին տա 1500 բաժանորդ, և ես գոհ կլինեմ։

Այդ 1500 թիվը նրա երազն էր, որ երբեք չիրագործվեց։

Ասում էին, որ Գրիգոր Արծրունին սալոնային մարդ է, գիտե և՛ երգել, և՛ դաշնամուր նվագել։ Ես չեմ տեսել ոչ մեկը և ոչ մյուսը։ Առհասարակ ես նրան զվարճասեր չեմ ճանաչել, թեև գիտեր տեղը եկած ժամանակ և զվարճախոսել, և սրամիտ ռեպլիկներ տալ, և անսքող անեկդոտներ պատմել: Թատրոններում ես Արծրունուն հանդիպում էի շատ հազվագյուտ դեպքում, այն է, երբ Ռուսիայից կամ արտասահմանից գալիս էին հռչակավոր դերասաններ կամ երգիչներ։ Իսկ հասարակական երեկույթներ, նվագահանդեսներ, պարահանդեսներ և այլն, նա գրեթե երբևէ չէր հաճախում։ Մի անգամ միայն նրան տեսա մի բարեգործական բուրժուական երեկույթում, և այդ մի անգամն էլ հակառակորդները, ինչպես ասվում է, «հարամ արին» մարդու գլխին։