Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խմբագրական մասնաճյուղի անդամ։ Մեր նիստերը տեղի էին ունենում Ներսիսյան դպրոցի ուսուցիչ Ալեքսանդր Մելիք-Ալահվերդյանի բնակարանում, որ գտնվում էր այժմյա պետօպերայի բեմուդեմ անկյունի տան մեջ։ Այդ նիստերին ես մասնակցել եմ միայն մի քանի անգամ։ Սկզբում ինձ հանձնվեց գրել դաշնակցության հավատո հանգանակը «Դրոշակ»-ի համար․ գրեցի, իդեալական չհավանեցին։ Հետո հանձնվեց գրել Լևոն Սարգսյանին, նույնպես մերժվեց։ Գրեց երրորդը, չորրորդը - ապարդյուն։ Վերջ ի վերջո, չեմ հիշում Ալեքսանդր Մելիք-Ալահվերդյանն էր, թե բժիշկ Լոռու-Մելիքյանը (անկասկած երկուսից մեկը) գրեց մի անշնորհք բան, որով և հրապարակ եկավ «Դրոշակ»-ը ու ենթարկվեց «Հնչակ»-ի կատաղի քննադատություն։ Հաջորդ համարում լույս տեսավ մի ուրիշ հոդված տարբեր ուղղությամբ ու ոճով։ Ով գրեց այս վերջին հոդվածը՝ չգիտեմ։

Ես հեռացա խմբագրական մասնաճյուղից, ժամանակի կորուստ համարելով այնտեղ մնալը։ Հարկավ իմ ընկերներից շատերի համար անհասկանալի ու զարմանալի էր, որ մի մարդ գրական գործունեությունը գերադասում է քաղաքական գործունեությունից, բայց ինձ համար ինչպես այժմ, այն ժամանակ էլ ավելի բարձր բան չկար, քան գրականությունը, մանավանդ գեղեցիկ գրականությունը։ Կոմիտեն խնդրեց ինձ Կոնստանդին Խատիսյանի ընկերակցությամբ գնալ Բաքու և դրամ հանգանակել նորածին կուսակցության համար։ Գնացինք և կարողացեք հանգանակել 11000 ռուբլի, մի գումար, որ այն ժամանակ շատ-շատ էր մի անհայտ կուսակցության համար։ Մենք բերեցինք այդ գումարը ու հանձնեցինք կուսակցության գանձապահ Գաբրիել Միրզոյանցին։ Կոնստանդին Խատիսյանը պահանջեց, որ այդ գումարից 1500 ռուբլի տրվի իրան։ Նա ուզում էր գնալ Պարսկաստան և այնտեղ բանալ ռումբերի գործարան «Հայաստանը փրկելու» համար։ Կոմիտեն մերժեց, և Խատիսյանը, վիրավորվելով, իր կողմնակիցներից կազմեց առանձին ֆրակցիա նորածին կուսակցության մեջ։ Դա մի ծիծաղելի բան էր, որից առաջացան շատ կոմիկական տեսարաններ։ Երևակայեցեք ձեզ մի հազիվ կազմված ընկերություն, որի