մի խոշոր հողակույտ, օդը լցրեց թանձր փոշով։ Պատշգամբի վրա եղած քիմիական գործիքները տնային այլևայլ առարկաների հետ, ջարդվելով, թափվեցին պարտեզ։ Տան լուսամուտների ապակիները ջարդուփշուր եղան. սենյակներից դուրս վազեցին սարսափահար տանեցիները, որոնց թվումն էր պատանի Ալեքսանդր Խատիսյանը, դաշնակցական բախտավոր Հայաստանի ապագա վարչապետը և այժմյան «փրկիչը» Պարիզի փողոցներում։ Թնդյունն այնքան զորեղ էր, որ հեռավոր Սոլոլակյան փողոցի ոստիկանը լսեց ու վազեց գիտենալու, թե ինչ է պատահել։ Երբ փոշին նոսրացավ, օդը պարզվեց, երևաց Կոստանդին Խատիսյանի գունասպառ կերպարանքը՝ անշարժ, ինչպես արձան։ Նա սարսափել էր իր արածից, բայց երջանիկ էր, վասնզի գտել էր Թուրքահայաստանը սուլթան Համիդի ձեռից ազատելու «միջոցը»։
Պարտիզի մեջ երևացին մի քանի ոստիկաններ, բայց Կոստանդին Խատիսյանը չձերբակալվեց, որովհետև նրա հայրը գեներալ էր։ Երկար, երկար ժամանակ նա պարծենում էր այդ աննման «քաջագործությամբ»։
Նույն օրերին ես դաշնակցությունից հեռացա առմիշտ և նորեն նվիրվեցի իմ գրչին։ Մի ինչ-որ ներքին ձայն ինձ ասում էր, թե այդ կուսակցությունը պիտի լինի սոսկալի փորձանք հայ ժողովրդի գլխին։
Թիֆլիսում հրատարակվում էր «Новое обозрение» անունով մի օրաթերթ, որի տեր ու տնօրեններն էին Գեորգի, Վասիլի և Կոստանդին Թումանովները՝ վերին աստիճանի համեստ մի երրորդություն, գրականության չափազանց սիրահար, սակայն առանց դրական որևէ ձիրքի, բացի ավագ եղբայր Գեորգիից, որի հրապարակախոսական ունակությունը միջակությունից բարձր չէր։
Ես սկսեցի աշխատակցել այդ լրագրին ոչ սիրով, այլ հարկադրված։ Հայ գրականությունը ինձ վարձատրում էր ծիծաղելու չափ ժլատ։ Սակայն Թումանովներն էլ չէին կարող պարծենալ իրենց առատաձեռնությամբ։ Ես ստանում էի տողին երեք կոպեկ ինքնուրույն և երկու կոպեկ թարգմանական հոդվածների համար։ Այդ ժամանակ