լով նրա հավանությունն արժանանալու։ Եթե գրվածքն արժեք ունի, ինքն իր համար ճանապարհ կբանա, իսկ եթե ոչ, չգիտեմ ինչ հեղինակություն կամ առաջաբան կարող է նրան փրկել մոռացությունից կամ անկումից։ Վերջապես, համբավավոր գրողները միշտ էլ անսխալական չեն և կարող են սկսնակին ճանապարհից շեղել։ Ահա ինչու այսօր ես խուսափում եմ ինձ դիմող երիտասարդների երախայրիքը կարդալու, այսինքն հանձն առնելու թե՛ պատասխանատվություն և թե՛ սոսկալի ձանձրույթ։ Անձամբ ես ոչ մի համբավավորի մոտ իմ գործերը չեմ կարդացել և ոչ էլ հարցրել եմ նրանց կարծիքը իմ տպագրված գործերի մասին։ Ընթերցող— ահա միակ դատավորը գրողի։ Գրական քննադատությո՜ւն… ո՞ւր է նա հայ գրականության մեջ։
Գամառ-Քաթիպան իր ճամփորդական տպավորությունների մեջ գրեց «Նամուս»-ի մասին։ Եվ որովհետև գիրքը չէր կարդացել, կամ կարդացել էր, չէր հավանել, բարվոք համարեց փառաբանել հրատարակչական ընկերությունը, այլ խոսքով՝ մի անգամ ևս շոյել Աբգար Հովհաննիսյանին, որ ընկերության նախախագահն էր։
Գամառ-Քաթիպան իր արձակ գրվածքներով մի Ջոնաթան Սվիֆտ էր։ Նույնչափ թունավոր, կծու և անողոք, թեև ոչ անգլիական երգիծաբանի չափ հանճարեղ։ Նրա Սյուլյուկ կեղծ անունով գրվածքների մեծ մասը նվիրված էր բանաստեղծի չսիրած մարդկանց մասնավոր կյանքին։ Ճերմակյան ազգանունով մի ճերմակահեր վարդապետի մասին «Արձագանքի» մեջ գրեց մի պամֆլետ, որի բովանդակությունը կարելի է գուշակել գրվածքի վերնագրից՝ «Սատանայի ոջիլ»։ Բավական է, որ մեկը այս կամ այն կերպ դուր չգար Ռափայել Պատկանյանին, թեկուզ իր դեմքով, կեցվածքով, քայլվածքով, Սյուլյուկը կար ու կար իր ժահրաթաթախ գրչով։
Զարմանալի անհանգիստ հոգի էր Գամառ-Քաթիպան։ ՉԵմ հիշում մի մարդ, որ նրա մասին լավ խոսեր։ Թիֆլիսում բացի Գաբրիել Սունդուկյանից նա ոչ մի բարեկամ չուներ։ Րաֆֆին բացարձակապես ատում էր նրան։ Արծրունին էլ ավելի․ եթե չէր հարձակվում նրա վրա, պատճառը նախ հարգանքն էր, ապա մի քիչ էլ երկյուղ բանաստեղծի