Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո։ Այսօր քաղաքային վարչությունը որոշեց ձեր պաշտոնը լուծարքի ենթարկել։

— Մնացեք բարով,— ասացի ես առանց մազաչափ վշտանալու,— միայն թույլ տվեք ասել, Եվգրաֆ Ս.-իչ, որ ձեր պաշտոնն էլ օրենքով պետք է լուծարքի ենթարկել։

— Ինչո՞ւ։

— Որովհետև, որքան գիտեմ, քաղաքային ինքնավարության օրենսդրության մեջ անեկդոտիստի պաշտոն չի նախատեսված։

Այդպես վերջացավ իմ երեքամյա ծառայությունը Թիֆլիս քաղաքին։

«Արսեն Դիմաքսյան»-ը ավարտեցի ութ ամսվա մեջ։ Նա տպվեց Ավետիք Արասխանյանի «Մուրճ» ամսագրում և անմիջապես առանձին հրատարակվեց։ Հետո դրեցի «Ցավագարը» («Չար Ոգի»), որ տպվեց «Հորիզոն» անունով մի ժողովածուի մեջ Փիլիպոս Վարդազարյանի հրատարակությամբ։

Այնուհետև ինձ պաշարեց մի անսովոր անտարբերություն դեպի գրականությունը։ Ոչ միայն գրելու, այլև կարդալու պահանջ չէի զգում, սակայն իմ անհանգիստ հոգին չէր կարող անգործ մնալ։ Իմ միտքը պահանջում էր զբաղմունք գրականությունից հեռու, և ահա մի օր ես հանկարծ դարձա «հնչակյան »։

«Հնչա՞կ»․ ես ոչ մի կապ չունեի այդ թերթի ու նրա ղեկավարների հետ և չէի էլ կարդում, գիտեի, որ թերթի անունը փոխառնված է Հերցենի «Колокол»-ից, այն էլ սխալ թարգմանությամբ։ Մի օր ես Ավետիս Նազարբեգյանից (թե Նազարբերգ — չգիտեմ) ստացա մի նամակ, մեջը երկու օրինակ իր լուսանկարից։ Ինչ էր գրում, մոռացել եմ,— բայց լավ հիշում եմ, որ փափագում էր ինձ հետ նամակագրություն ունենալ. երկու լուսանկարներից մեկի վրա մակագրված էր իմ, մյուսի վրա Գրիգոր Արծրունու անունը։ Ես նայեցի լուսանկարին և մի տեսակ նողկանք զգացի։ Նազարբեգյանը նկարվել էր բայրոնյան կեցվածքով։ Կեղծիք և ֆանֆարոնություն էր բուրում նրա ինքնահավան դեմքից։ Կարծես, մարդն ասում էր. «Տեսնում եք՝ ո՛րքան գեղեցիկ եմ»։ Ես պատռեցի