— Մարմնի թերությունը ,— ասում էր նա,— շատ է ազդել Արծրունու հոգու վրա և դարձրել է նրան ներվային ու նախանձոտ։
Սունդուկյանցին Աղայանը համարում էր «չինովնիկ», չէր հավատում նրա անկեղծությանը, ծաղրելով նրա սեթևեթ ձևերը։
Գամառ-Քաթիպային իբրև մարդ Աղայանը քննադատում էր անողոքաբար։
— Գնում է էջմիածին հարուստների համար կաթողիկոսից ապահարզանի իրավունք գնելու,— ասում էր նա,— մի՞թե դա վայել է բանաստեղծի կոչմանը։
Զարմանալի ամբոխասեր էր Աղայանը։ Ինչ բազմամարդ տեսարան ևս լիներ, միտինգ, թափոր, հրդեհ, ցույց և այլն,— նա այնտեղ էր։ Չէր մասնակցում ոչ մեկին, իհարկե, այլ միայն մտիկ էր անում և միայն վրդովվում կամ հրճվում, նայելով տեսարանի բովանդակությանը։ Մի անգամ միայն նա մասնակցեց մի ամբոխային տեսարանում, կամ ճիշտն ասած՝ ամբոխի համար եղավ դերակատար։
Առավոտ է, Աղայանը փող չունի, որ խոհարարին տա՝ օրվա պարենը շուկայում գնելու համար։ Նա դուրս է գալիս տնից մի որևէ բարեկամ գտնելու և ձեռնապարտք վերցնելու։ Փողոցում նրան լուր են տալիս, թե Քուռ գետը գիշերվա անձրևներից խիստ բարձրացել է և ողողել քաղաքի Պեսկի կոչված արվարձանը։ Նա շտապում է գետափը և տեսնում է, որ արվարձանի կես մասը ջրի տակ է։ Ի միջի այլոց, նկատում է, որ հողի մի մեծ թումբ ափից բաժանվել է և շրջապատվել ջրով։ Այդ թմբի վրա ոչինչ չկա, բացի մի գամփռից։ Շունը ոռնալով ուզում է ազատվել, բայց վիզը շղթայված է մի ցցի։ Աղայանը մտածում է՝ եթե շունը մինչև անգամ կապից ազատվի, պետք է ընկնի ջուրը լողալու և կարող է խեղդվել, հետևաբար նրան կարող է փրկել միայն մարդու օգնությունը։ Եվ Աղայանը վճռում է շանը փրկել։ Բայց ի՞նչպես։— Հովհաննես Թումանյանի աջակցությամբ։ Աղայանը շտապում է իր բարեկամին կանչելու, և շուտով մեր բանաստեղծները մի-մի մահակով զինված վազում են գետափը։ Շունը դեռ թմբի վրա է և շարունակ