Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայ ինտելիգենտներից արհամարհված մի ժողովրդի մտավոր սպասավորն իրան շրջապատել էր այս բարձր համաշխարհային անուններով, ինչու՞ կարծել, որ այդ ժողովուրդը չի կարող կուլտուրական հաղթանակ տանել։

Աղաևի ցուցակն էր և Հասան-բեգ Մելիքով, Թոփչիբաշև, Հյուսեյնով, բժ. Կարաբեկով, Աղաև, մյուս հինգ անունները մոռացել եմ։

Խորհրդակցության տեղը որոշեցինք «Կասպի» լրագրի խմբագրատունը։

Երբեք չեմ մոռանալ այդ ժողովի առաջին վայրկյանների ծանր ու անախորժ տեսարանը։ Երբ մենք բոլորս միասին մտանք խմբագրատուն, թուրքերն արդեն այնտեղ էին։ Նրանք գլխի շարժումով պատասխանելով մեր հակիրճ «բարևին»՝ ձեռի շարժումով մեզ հրավիրեցին նստել։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ առնվազն տասը րոպե ոչ մի կողմից ոչ մի բառ չարտասանվեց։ Յուրաքանչյուրը գլուխը կրծքին թեքած նայում էր ցած։ Կարծես, ամաչում էին նայել իրարու երեսին։

Վերջապես Թոփչիբաշևն ասաց ռուսերեն.

— Պարոններ, ողջունում ենք ձեր գալուստը, մեր մուսուլմանական ավանդությամբ ասելով. «Խոշ գյալմիսինիզ» (բարով եք եկել)։

Ապա շարունակեց.

— Ներկա ժողովը հրավիրել են Շիրվանզադեն և Ահմեդ-բեգ Աղաևը։ Նրանք կբացատրեն մեզ իրանց նպատակը. խնդրենք Հասան-բեգ Մելիքովին, որ ժողովին նախագահի։

Ես որոշ պատճառներով չէի ուզում առաջինը շոշափել բուն խնդիրը։ Աղաևը նույնպես։ Եվ մենք մի քանի անգամ նայեցինք իրարու երեսի։ Չեմ հիշում, որի ձեռներեցությամբ սկսվեց մի բանալ խոսակցություն, այն է՝ թե լավ կլիներ, որ շուտ-շուտ հրավիրվեին նման ժողովներ, թե հարևաններ ենք, պարտավոր ենք իրար ճանաչել ու սիրել և այլն և այլն։ Իսկ Սամսոն Հարությունյանը շտապեց առաջարկել իր սիրեցյալ միջոցը փրկության — հիմնել մի կրթական թե բարեգործական ընկերություն երկու «բարեկամ» ժողովուրդներին հավասարապես ծառայելու համար։